Նալբանդյան. Առաջիկա օրերին կներկայացվի ՀՀ Նախագահի պատասխանը՝ ՌԴ Նախագահի ուղերձին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր:
ԱԳՆ հաղորդմամբ, Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են բանակցություններում բարենպաստ մթնոլորտի ստեղծման համար հավելյալ ջանքերի գործադրման հնարավորությունները:
Նախարարներն անդրադարձել են Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի միջև 2010թ. հոկտեմբերին Աստրախանում և 2011 թ. մարտին Սոչիում կայացած հանդիպումների ընթացքում հրադադարի ռեժիմի ու ռազմական ոլորտում վստահության ամրապնդման, բոլոր վիճելի հարցերի խաղաղ միջոցներով լուծման և շփման գծում հնարավոր միջադեպերի հետաքննությունների անցկացման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը:
Հայաստանի արտգործնախարարը իր ռուսաստանյան գործընկերոջը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին կներկայացվի ՀՀ Նախագահի պատասխանը՝ ՌԴ Նախագահի ս.թ. հուլիսի 8-ի ուղերձին: