Սերժ Սարգսյան. ԼՂՀ-ին Եվրամիության օժանդակությունն անհրաժեշտություն է
Եթե Եվրոպական միությունը որոշի աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդավարական և պետական ինստիտուտներին, Հայաստանը միայն ուրախ կլինի: Այսօր Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ կայացած համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Ժողովրդավարությունը բացարձակ արժեք է և այս առումով մենք ժողովրդավարությունը բարձր ենք գնահատում: Եթե վաղը ԵՄ-ն օժանդակի ԼՂ-ին` ամրապնդելու ժողովրդավարական և պետական կառույցները, մենք միայն ուրախ կլինենք»:
Նախագահ Սարգսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԼՂ ժողովուրդն այդ օժանդակության բացակայության պայմաններում էլ զարգացնում են ժողովրդավարական ինստիտուտները: «Ղարաբաղցիներն, իհարկե, ակնկալում են այդ օժանդակությունը, որովհետև 17 տարի ընթանում են այդ ճանապարհով: Տեղի են ունենում միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ, ինչով և նրանք, և մենք հպարտանում ենք», -նշեց հանրապետության ղեկավարն ու հավելեց. «ԼՂ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ հնարավորություն է ընձեռվել, որ ներկա լինեն բոլոր քաղաքական ուժերը: ԼՂ-ում տեղի են ունեցել երեք նախագահական ընտրություններ, ընտրվել են երեք նախագահներ, և նրանցից ոչ մեկը ժառանգաբար իշխանություն չի ստացել: Հենց նաև այս պատճառով է, որ ԼՂՀ նախագահները` ընտրված նախագահները, իրենց թույլ չեն տալիս վիրավորական արտահայտություններ անել ադրբեջանական ժողովրդի մասին: Ինչը նրանց պատիվ է բերում, ի տարբերություն հարևան երկրի ղեկավարության, որը կարող է հոդաբաշխ արտահայտություններ անել, բայց չի կարող ատելությունը թաքցնել: Թույնով, թշնամանքով լցված մարդը չի կարող լավ որոշում կայացնել և այս պարագայում ԵՄ-ի օժանդակությունը ԼՂՀ-ին ուղղակի անհրաժեշտություն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան