Մեթյու Բրայզա. ԼՂ հակամարտության կարգավորմամբ շահագրգռված են Օբաման ու Քլինթոնը
«ԱՄՆ նախագահը և պետքարտուղարը շահագրգռված են, որպեսզի կարգավորվի ԼՂ հակամարտությունը»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մեթյու Բրայզան: Այս մասին հայտնում է SalamNews-ը:
«ԱՄՆ-ն մասնակցում է հակամարտության կարգավորման գործընթացում ամենաբարձր մակարդակով: Նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շահագրգռված են ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Հակամարտության լուծման շուրջ տեղի ունեցող հերթական քայլը կլուծի ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- նշել է Բրայզան:
Աղբյուրի փոխանցմամբ, ԱՄՆ Կոնգրեսի կողմից Լեռնային Ղարաբաղին 2012թ. ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մերժման փաստը Բրայզան չի մեկնաբանել, խնդրի` ԱՄՆ Կոնգրեսի իրավասության ներքո լինելու պատճառով:
Իրանի՝ հակամարտության կարգավորման գործընթացում որպես միջնորդ հանդես գալու հնարավորության վերաբերյալ շրջանառվող լուրերին՝ Բրայզան ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը որոշ արդյունքների հասել է կարգավորման գործընթացում։
«Մեր կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործում է շատ նորմալ և արդեն աշխատում է շրջանակային համաձայնագրի վրա։ Չնայած որ որոշակի դրույթներ կան փաստաթղթի նախապատրաստման վերաբերյալ, հակամարտության կարգավորման գործընթացը պետք է ավարտին հասցնի Մինսկի խումբը»,– ասել է ամերիկացի դիվանագետը։