Ա.Իսկանդարյան. «ԼՂՀ նախագահի հայտարարությունը հերթականն էր ու արտացոլում է ղարաբաղյան տեսակետը»
«Ես չեմ կարծում, թե նախագահի հայտարարությունը վկայում է տեղաշարժերի մասին: Ընդամենը նախագահ Սահակյանը դրանով ասում է այն, ինչ մեզ վաղուց հայտնի է` Ղարաբաղը չի ցանկանում, որ իր ճակատագրով զբաղվի մեկ ուրիշը»,- անդրադառնալով Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հարցազրույցում արված հայտարարությունը, թե իրենք պատրաստ են Բաքվի հետ ուղիղ բանակցելուն, արդյո՞ք սա նշանակում է, որ ակնկալելի է բանակցային գործընթացում որոշակի տեղաշարժ, թե սա հերթական հայտարարությունն էր այսօրվա ասուլիսում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Շարունակեց` այն, որ Հայաստանը բանակցային սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի փոխարեն է բանակցում պարտադրված իրավիճակի արդյունք է, քանի որ Ադրբեջանը չի ցանկանում բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ: Այնպես որ, Բակո Սահակյանի այդ հայտարարությունը հերթականն է և արտացոլում է ղարաբաղյան տեսակետը`մենք պատրաստ ենք բանակցել Ադրբեջանի հետ առանց նախապայմանների և որպեսզի հենց մենք լինենք սեղանի շուրջ. «Սակայն, կրկնում եմ, քանի որ Ադրբեջանն այսօրվա դրությամբ պատրաստ չէ լուծել Ղարաբաղի ճակատագրի հարցը, ապաև պատրաստ չէ վարել բանակցությունները Ղարաբաղի հետ: Իսկ այն պահին, երբ Ադրբեջանն իսկապես կցանկանա որևէ կերպ լուծել ղարաբաղյան հակամարտության խնդիրը, որի անհրաժեշտությունն այսօր չի տեսնում` առանց դա էլ վատ չի զգում իրեն, այդ պահին էլ Ղարաբաղը ուղղակի, թե անուղղակի կպահանջի իր ներկայությունը բանակցային գործընթացում»,- ընդգծեց քաղաքագետն ու հավելեց` երբ Ադրբեջանը պատրաստ լինի, դա կնշանակի, որ նա պատրաստ է նաև ճանաչել Արցախը որպես բանակցային կողմ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր