Heritage Foundation. Հայաստանը առաջատարն է ԱՊՀ-ում տնտեսական ազատության ինդեքսով
Heritage Foundation-ը The Wall Street Journal-ի հետ համատեղ, տարբեր պաշտոնական աղբյուրների տվյալների հիման վրա գնահատել է 183 երկրների համար 2011թ.-ի տնտեսական ազատության ինդեքսները:
Համաձայն հիմնադրամի գնահատականների, Հայաստանը 2011թ.-ին գնահատվել է որպես ազատականացված բիզնես միջավայր ունեցող երկիր: «Տնտեսական ազատության ինդեքս 2011» հետազոտությունում Հայաստանի դիրքը բարելավվել է և աշխարհի 183 երկրների շարքում գրավում է 36-րդ տեղը` նախորդ տարվա 38-րդ տեղի փոխարեն:
Հետազոտության համաձայն, Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսը կազմում է 69,7 միավոր, ինչը 0,5 միավորով ավել է նախորդ տարվա ցուցանիշի նկատմամբ: Հայաստանը զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը Եվրոպայի 43 երկրների շաչքում և առաջինն է ԱՊՀ երկրների ցանկում, որոնք դասավորվել են հետևյալ կերպ. Հայաստան (36 տեղը աշխարհում), Ղազախստան (78), Ղրղզստան (83), Ադրբեջան (91), Տաջիկստան (128), Ռուսաստան (143), Բելառուս (155), Ուզբեկստան (163), Ուկրաինա (164), Թուրքմենստան(169):
Հատկանշական է, որ տնտեսական ազատության ինդեքսով Հայաստանն առաջ է այնպիսի երկրներից, ինչպես օրինակ Իսրայելը, Ֆրանսիան, Թուրքիան, Իտալիան, Հունաստանը և այլն:
Ուսումնասիրությունում Հայաստանի մասով նշվում է, թե 2010թ.-ի համեմատ բարելավվել են առևտրի ազատության (5.0 միավորով), դրամավարկային ազատության (3.1 միավորով) և աշխատանքի ազատության (5.3 միավորով) գնահատականները, անփոփոխ են մնացել ներդրումների ազատության, ֆինանսական ազատության և սեփականության իրավունքի պաշտպանության գնահատականները, վատացել են գործարարության ազատության (1.0 միավորով), հարկաբյուջետային ազատության (0.1 միավորով), կառավարության ծախսերի (5.2 միավորով) և կոռուպցիայից ազատության (2.0 միավորով) գնահատականները: