Ա. Մխիթարյան. Բաքուն սպառազինությունների մրցավազք է հրահրում
«Նման մոնիթորինգներն անհրաժեշտություն են, քանի որ Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսում սպառազինության ձեռք բերման հարցում: Նավթադոլարներից ստացված գրեթե ողջ եկամուտն այդ երկիրը զինտեխնիկայի ձեռք բերման համար է օգտագործում՝ խախտելով սովորական սպառազինությունների մասին համապատասախան պայմանագիրը»,- անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի սպառազինության վերահսկման գծով օգնական Ռոուզ Գետեմյուլլերի տարածաշրջան կատարելիք այցին՝ Panorama.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Մխիթարյանը:
Նա նշեց, որ հատկապես վերջին 10 տարիներին, Ադրբեջանն ամեն տարի հետևողական ձևով ավելացնում է իր ռազմական բյուջեն, մշտապես տեղեկատվություն է լինում Ադրբեջանի կողմից սպառազինության ձեռք բերման մասին:
«Այսօր տարածաշրջանում անկայությունուն ստեղծող միակ երկիրն Ադրբեջանն է, քանի որ Բաքում մշտապես սպատազինությունների մրցավազք է հրահրում, էլ չեմ ասում այնտեղից հնչող ռազմատենչ հայտարարությունների մասին»,- ասաց Ա. Մխիթարյանը:
«Առաջին աշխարհամարտից հետո, երբ սպառազինության մասով արգելք էր դրված Գերմանիայի վրա, որևէ պետություն լրջորեն չհետևեց այդ կանոնների պահպանմանը, ինչը հայտնի է, թե ինչի հանգեցրեց. վերածվեց երկրորդ աշխարհամարտի: Շահագրգիռ պետությունները պետք է լուրջ ուշադրություն դարձնեն օր-օրի Ադրբեջանի կողմից այդ ոլորտում իրականացվող քաղաքականության վրա»,- հավելեց պատգամավորը: