Սիրուշոն` «Մանկական Եվրատեսիլ»-2011-ի մասին. «Հայաստանի նման փոքր պետության համար սա մեծ գործ է»
«Մանկական Եվրատեսիլ»-2011 երգի մրցույթի հատուկ հյուր Սիրուշոն կատարելու է «Քելե-քելե» երգը, որը տարբերվելու է «Եվրատեսիլ-2008» մրցույթի ժամանակ կատարած տարբերակից: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում Սիրուշոյի ներկայացրած «Քելե-քելե»-ն հայկական բերդ պարի ու ժամանակակից պարերի էլեմենտներ է պարունակելու:
Այս մասին լրագրողներին ասաց Սիրուշոն:
«Երբ պատրասվում էի, խորհրդակցեցի ծնողներիս հետ: Հայրս հիշեցրեց բերդ պարի մասին: Ես միշտ ցանկացել եմ, որ իմ ելույթներից որևէ մեկի ժամանակ ցուցադրվի մեր ազգային բերդ պարը: Սա լավ առիթ է, քանի որ ողջ Եվրոպան է դիտելու, ու կտեսնի այդ պարը, որով ես հիանում եմ»,- ասաց երգչուհին:
Խոսելով մրցույթի մասին ու թե որ երկրի ներկայացուցչին է նախապատվությունը տալիս, Սիրուշոն ասաց, որ երեխաների համար մրցույթն իսկական տոն է ու բոլորը պետք է բարձր ծափահարեն բոլոր երեխաներին: Բացի այդ նա խոստովանեց, որ լսել է միայն Հայաստանի երգը: «Այն այստեղ է կանչում բոլորին, և այդ գաղափարն ինձ իրոք շատ դուր եկավ: Սակայն բոլոր երեխաներն էլ շատ լավն են, և բոլորիս հիանալի շոու է սպասվում»,- ասաց նա:
Սիրուշոն ասաց, որ միշտ էլ ցանկություն ունեցել է, որ մի օր մրցույթն անցկացվի Հայաստանում: «Համոզված կարող եմ ասել, որ մենք հասել ենք բարձունքին: Եվրատեսիլն ամեն երկրում յուրովի է անցկացվում ու կարծում եմ՝ մեր ունեցած ջերմությունը, հյուրընկալությունը և բոլորի ուրախությունը կիսելու պատրաստակամությունը տարբերում է այս տարվա Եվրատեսիլը մյուսներից: Համոզված եմ, որ հայ հանդիսատեսը առանձնակիորեն ակտիվ կլինի և բոլոր մասնակիցներին անխտիր ցույց կտա իր աջակցությունը: Մենք հիանալի տեխնիկա, լուսավորություն ունենք և համոզվածությամբ կարելի է ասել, որ Հայաստանի նման փոքր պետության համար սա մեծ գործ է»,- ասաց երգչուհին: