Լուսիկ Ագուլեցի. «Իմ ցանկությունն է, որպեսզի մեր մշակույթը վերականգնվի և մարդիկ իրենց տոները անճաշակության չվերածեն»
«Մեր ժողովրդական տոները շատ գեղեցիկ են և դրանք բոլորը եկեղեցու հետ են կապված, դրան զուգահեռ նաև մշակույթ է ձևավորվել, որը, ցավոք սրտի, այսօր չի պահպանվել»: Սուրբ Զատիկի տոնին նվիրված ասուլիսում այսօր նշեց նկարչուհի Լուսիկ Ագուլեցին՝ հավելելով, որ իր ցանկությունն է, որպեսզի այդ մշակույթը վերականգնվի և մարդիկ իրենց տոնը անճաշակության չվերածեն:
«Քրիստոսի հարության տոնը 3-4 հազար տարվա պատմություն ունի: Հին է և ձևավորված մշակույթ ունենք, բայց այդ ամենն այսօր չի պահպանվում: Այսօր աղանդավորական տարբեր շարժմանը հետևելու պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ ժողովրդական ծեսերից տեղյակ չեն»,-ասաց Լ.Ագուլեցին և ավելացրեց, որ մենք ունենք շատ հարուստ մշակույթ, հետաքրքիր ծեսեր և ավանդույթներ, մնուն է միայն դրանք աչքի լույսի պես պահել:
Անդրադառնալով տոնին մատուցվող կերակուրներին՝ Լուսիկ Ագուլեցին առանձնացրեց նվիկը, որը հայկական որոշ շրջաններում անվանում են սպիտակ բանջար (Մարիամ Աստվածածինը նվիկով է խանձարուրել Հիսուս Քրիստոսին), կանաչիների տարբեր տեսակներ, այդ թվում՝ խնջլուզը, ձուկը, գաթան, չամիչով փլավը, որը խորհրդանշում է ժողովուրդը, իսկ չամիչը՝ նրա հավատքը։ Եւ որ ամենակարևորն են՝ ներկած հավկիթները, որոնք, ըստ նրա, պետք է ներկված լինեն միայն կարմիր գույնով:
Ըստ նկարչուհու՝ այս տոնի անբաժան մասն է նաև կենաց կամ ծիսական ծառը, որը պատրաստվում է բալենու ճյուղերից և զարդարվում ձեռագործ հավկիթներով։ Ծառը խորհրդանշում է ժողովրդի անցյալը, ներկան և ապագան։
Նշենք, որ այս տարի փետրվարի 20-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 8-ին: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը ընդունված է անվանել Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով՝ վերադարձ առ Աստված: Զատիկը թե Հին և թե Նոր Կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան