Ա. Հովհաննիսյան. Ադրբեջանը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը
«Ադրբեջանի ռազմական բյուջեն, ըստ իրենց տվյալների իհարկե, ավելի քան 3 մլրդ դոլար դարձավ ոչ միանգամից` 2009-2011թ. ընթացքում բավականին լղոզված և ընդհանրացված կերպով: Այսինքն՝ իրականում ռազմական բյուջեի ավելացումը կամ ներկայացված գումարը հավաքական է, այն իր մեջ ներառում է բոլոր տեսակի ուժային կառույցների, ռազմական շինարարության, զինվորական թոշակների և այլ ոլորտների ընդհանուր ծախսերը»,-այս մասին panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ «Los Angeles Times» պարբերականը տպագրել է Ստոկհոլմի՝ խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտի զեկույցը ռազմական հատկացումների վերաբերյալ, որում մասնավորապես նշվում է, թե Ադրբեջանը Կասպից Ծովում լինելով Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի նման պետությունների հարևան, մեկ տարվա ընթացքում իր ռազմական բյուջեն ավելացրել է 89 %-ով»:
Փորձագետի համոզմամբ՝ այս ամենը հատուկ արվեց, որպեսզի նախագահ Իլհամ Ալիևի սնամեջ խոստումը իրականացված ներկայացվի, թե իբր Ադրբեջանի ռազմական ծախսերը կհասցվեն Հայաստանի պետական բյուջեին:
«Դրանով հանդերձ, իհարկե, Ադրբեջանը շեշտակի ավելացրել է ռազմական ծախսերը, այո՛, նրանք իրոք զինվում են, նրանք իրոք սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը, ոչ միայն ԼՂՀ խնդրում, այլ նաև Կասպից ծովի ավազանում սպառազինման մրցավազքի հրահրմամբ և լրացուցիչ լարման առաջացմամբ»,- ասաց բանախոսը: