Ա. Հովհաննիսյան. Հնարավոր է Ադրբեջանը կրկին սադրանքների գնա
«Վերջին շրջանում ադրբեջանական զինված ուժերի սադրանքները առանձնահատուկ են նրանով, որ որպես թիրախ են ընտրել խաղաղ հայ բնակչությանը: Սա իհարկե ընդհանրապես նոր իրողություն չէ, սակայն մարտավարության մեջ առաջին անգամ է, որ շեշտադրված է իրականացվում: Նպատակը ավելին քան հասկանալի է` մեզանում ընտրություններ են, ինչպես նաև զորակոչ է սկսվում»,- անդրադառնալով շփման գծում տիրող իրավիճակին՝ Panorama.am-ին ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով, Ադրբեջանը ամեն անգամ էլ այս փուլերում փորձում է խոչընդոտել ու բացասական ներազդել զորակոչի և առհասարակ հասարակական մթնոլորտի վրա, սակայն այս անգամ այդ քայլերը կատարվում են մեծ համառությամբ:
«Սա իհարկե առաջին հերթին նշանակում է, որ նրանք խուսափում են մեր բանակի հետ անմիջական բախումից, քանզի այդ դեպքում բոլորովին այլ ելքով կավարտվեն հարձակումները: Դիվերսիոն խմբերի ներթափանցումը կանխելը բավականին դժվար գործ է, որի ուղղությամբ էլ հարկավոր է ջանքերը ավելի մեծացնել: Եվ պատահական չէր, որ գերագույն գլխավոր հրամանատարը հանձնարարեց խստացնել մարտական հերթապահությունը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում:
Երբեմն նման գործերը իրականացվում են կանխարգելիչ մեթոդներով, այսինքն՝ այդ խմբերին հաճախ վնասազերծում ենք իրենց տարածքում, նման փորձ մենք ունենք: Մեր կանխարգելիչ գործողությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ է, որ աշխատանքներ են տարվում, դրանք հակառակորդի համար գնալով ավելի ու ավելի շոշափելի են լինելու: Միգուցե մինչև մի քանի տասնյակ զոհերին հնարավոր է սառնարաններում պահել ու հասարակությանը խաբել, սակայն կան զոհեր կամ կորուստների տեսակներ, որոնք հնարավոր չէ կոծկել և ադրբեջանական հանրության արձագանքները կարող են շատ ցավոտ լինել»,- ասաց նա:
Փորձագետը հիշեցրեց, որ ՀՀ-ում անցկացվելիք ընտրություններին անմիջապես հաջորդելու է ԼՂՀ-ում իրականացվելիք Մայիսի 9-ի զորահանդեսը, որը բացառիկ մակարդակի է լինելու:
«Ադրբեջանում շատերը դա որպես լուրջ ապտակ են ընդունում, համարում ինքնասիրությանը հասցված հարված: Դրա համար կարող են կանխավ փորձել սադրանքների միջոցով նախ` ստվեր գցել մեր հեղինակության վրա, և «բարձրացնել» սեփական բանակի և պետականության «հեղինակությունը»: Այնպես որ լրացուցիչ միջոցառումները, որոնց մասին նշել է հանրապետության նախագահը տեղին ու ժամանակին են»,- ավելացրեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան