ՀԿԿ-ն չի ընդունում ընտրությունների արդյունքները
Հայաստանի կոմիունիստական կուսակցությունը չի ընդունում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ վստահ լինելով, որ դրանք կեղծվել են: Այս լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի կոմիունիստական կուսակցությունը մայիսի 6-ին կայացած խորհրդանական ընտրությունների արդյունքում ստացավ ընտրողների քվեների 1.06 %-ը՝ ստանալով 15933 ձայն:
«Մենք չենք ընդունում ընտրությունների արդյունքները և հաստատ համոզված ենք, որ մեր ստացած ձայները, ոչ թե 16000 էր այլ մի քանի անգամ ավելին: Ընտրություններին մասնակցած բոլոր ուժերը շատ լավ զգում էին, որ ՀԿԿ-ին պարտվում են բոլոր պարագաներում: Երբ տեղերում տեսան որ Կոմկուսի դեմ այլևս պայքարել հնարավոր չէ, հանդես եկավ սուպերկուսակցությունը՝ փողը, ինչի արդյունքում նրանք կարողացան օգտվել ժողովրդի թշվառ վիճակից և գնել ընտրությունները»,- նշեց Ռուբեն Թովմասյանը՝ հավելելով, որ չնայած այսպիսի երևույթների՝ Կոմկուսը գրեթե կրկնպատկել է իր ձայների քանակը՝ նախորդ ընտրություններում ստացած 8000 ձայնի փոխարեն ստանալով 16000 ձայն:
«Այս ամենից ելնելով ՀԿԿ-ն արձանագրում է, որ ներկայիս ընտրությունների արդյունքները չեն արտահայտում հանրապետությունում առկա իրական քաղաքական պատկերը»,- նշեց Ռուբեն Թովմասյանը:
Ըստ Կոմկուսի առաջնորդի՝ իշխանությունները «նկարելով» ընտրությունների արդյունքները մի քանի քաղաքական ուժերի «գռքաշ» տարան խորհրդարան: Ռ. Թովմասյանը նշեց, որ անցողիկ շեմը հազիվ հաղթահարած ուժերը, չեն կարող էական որևէ ազդեցության ունենալ ձևավորվելիք խորհրդարանի աշխատանքների վրա: