Ֆրանսիայի արտգործնախարարությունը մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին զոհերի կապակցությամբ
Ֆրանսիայի ԱԳ գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, որում իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերին շփման գծում ընդհանուր առմամբ 8 զինծառայողների սպանության առնչությամբ: Ինչպես տեղեկանում ենք Ֆրանսիայի ԱԳ նախարարության պաշտոնական էջից, հաղորդագրությունում, մասնավորապես, կոչ է արվում կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից և հարգել 1994 թ-ին սահմանված հրադադարի ռեժիմը:
«Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական լուծում չունի: Կողմերը պետք է հավատարիմ մնան հակամարտության խաղաղ կարգավորման, ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով ամրագրված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքներին:
Հայատարարության համաձայն, ֆրանսիական կողմը պատրաստվում է հունիսին ԵԱՀԿ համանախագահների մասնակցությամբ Փարիզում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների կայանալիք հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: