Կանայք ու աղջիկները` Աղետների նվազեցման գործում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը վաղվա` աղետների նվազեցման միջազգային օրվա կապակցությամբ ուղերձ է հղել:
«Այս տարի աղետների նվազեցման միջազգային օրվա հիշատակումն ուղղված է կանանց և աղջիկների՝ ռիսկի նվազեցման և բնական վտանգներին աշխարհի արձագանքման առաջամարտիկ լինելու անհրաժեշտությունն ընդգծելուն:
Ամբողջ աշխարհում կանայք և աղջիկները օգտագործում են ընտանիքներում և համայնքներում իրենց դերը՝ խթանելու ռիսկի նվազեցումը:
Բանգլադեշում կանայք ինքնակազմակերպվեցին՝ նախապատրաստվելու և արձագանքելու ջրհեղեղներին՝ այլ կանանց սովորեցնելով, թե ինչպես կառուցել շարժական կավե վառարաններ և վերերկրյա տներ:
Հարավային Աֆրիկայում ընդլայնվել են մեկուսացած դեռահաս աղջիկների իրավունքներն ու հնարավորությունները՝ օգնելու երաշտի և խիստ փոթորիկների ազդեցության նվազեցման պլանների նախագծմանը:
Բոլիվիական Ալտիպլանոյում բնիկ կանայք ձեռք են բերել ավանդական գյուղատնտեսական և կլիմայական գիտելիքներ, ինչի արդյունքում զգալիորեն կրճատվել է բերքի կորուստը կարկուտի, ցրտահարության և հեղեղումների հետևանքով:
Վիետնամում գյուղաբնակներին ծանոթացրել են աղետների նվազեցման խնդիրներին՝ հատուկ ռադիոսերիալների միջոցով, որոնք ներառում են օրինակներ իրական կյանքից և տեղաբնակ կանանց պատմությունները:
Իսկ Ճապոնիայի Տոհոկո շրջանում ցունամիից և երկրաշարժից հետո կանայք կենտրոնական դեր խաղացին եկամտային հնարավորությունների վերականգնման գործում, և ուշադրության առանցքում միայնակ մայրերն էին:
Այսօրինակ ջանքերն ավելի հասկանալի են դարձնում, թե համայնքներն ինչ օգուտ կարող են քաղել՝ խրախուսելով, որ կանայք առաջատար դեր ստանձնեն աղետների ռիսկի նվազեցման գործում, և դրանք ավելի մեծ արժեք ձեռք կբերեն, քանի որ կլիմայի փոփոխությունն ահագնանում է, և աշխարհը պայքարում է ծայրահեղ վատ եղանակային պայմանների և աղետների դեմ, որոնք ազդում են տարեկան միջինը 200 միլիոն մարդու վրա:
Աղետների նվազեցման միջազգային այս օրը եկեք գիտակցենք, որ, ինչպես այս տարվա թեման է հռչակում, կանայք և աղջիկները «Դիմակայունության [ան]տեսանելի ուժն են»»,-ասված է գլխավոր քարտուղարի ուղերձում: