Մեկնարկեցին երկու կայքեր խուլ և վատ լսողություն ունեցող անձանց համար
Այսօր հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: Այս կապակցությամբ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ու Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի ջանքերով և Orange Հիմնադրամի աջակցությամբ մեկնարկեցին երկու վեբկայքեր, որոնք նախատեսված են խուլ և վատ լսողություն ունեցող անձանց համար, հատուկ ժեստերի լեզվի հայերեն տարբերակով:
Ինչպես տեղեկացնում են Orange-ից` փոքր տարիքից լսողության խանգարում ունեցող անձանց համար հաճախ դժվար կամ անհնարին է լինում սովորել կարդալ հնչյունային այբուբենով, և ժեստերի լեզվի առկայությունը կայքում բովանդակությունն ավելի մատչելի է դարձնում, իսկ տեքստային տարբերակը թույլ է տալիս տեղեկություններ ստանալ հասարակության այս խմբին վերաբերող հարցերի շուրջ նաև ընթերցողի ավելի լայն խմբերին:
«Լսողության խանգարումներ ունեցող անձանց խնդիրները շատ կարևոր են Orange Հիմնադրամի համար, և մենք երջանիկ ենք աջակցել այսօրինակ նախաձեռնություններին, որոնք ավելի հեշտ ու հետաքրքիր են դարձնում մարդկանց այս խմբի կյանքը: Երկու կայքերն էլ ունեն շատ հետաքրքիր բովանդակություն լսողության խանգարումներ ունեցող անձանց համար, ինչպես նաև այն անձանց համար, ովքեր հետաքրքրված են այս մարդկանց խնդիրներով: Ուրախ ենք տեսնել, որ ինտերնետը կարող է դրական փոփոխություններ բերել նման խնդիրներ ունեցող անձանց կյանքում»,- հայտարարել է Orange Հիմնադրամի Խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
Կայքերից մեկը՝ www.deaflife.am -ը, ստեղծվել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի աշխատակիցների և սաների կողմից: Այն լավագույն միջոց է խուլերի լեզուն, պատմությունն ու մշակույթը պահպանելու և ժեստերի լեզվով սերունդներին փոխանցելու, ինքնուրույն տեղեկատվություն ստանալու և լսող հասարակությանն ինտեգրվելու համար:
Deaflife կայքի նյութերի հավաքագրմանն ու ներկայացմանն անմիջականորեն մասնակցել են ԼԽՈՒԵ հատուկ կրթահամալիրի ավագ դպրոցի սաներն իրենց կարծիքներով, ցանկություններով ու առաջարկություններով:
Կայքը արժեքավոր է նաև նրանով, որ հասանելի է Խուլերի միավորման անդամ խուլ մեծահասակներին, մանուկներին և օգտակար է սոցիալական տարբեր խմբերի համար՝ չլսող երեխաների ծնողների, նրանց հետ աշխատող մանկավարժների և այլ շահագրգիռ աձանց՝ լսող և չլսող:
Մյուս կայքը՝ www.deaf.am -ը, ստեղծվել է Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և հանդիսանում է հայերեն ժեստերի լեզվով առցանց երկխոսության յուրօրինակ տիրույթ ոչ միայն լսողության խանգարումներ ունեցող անձանց, այլև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են նրանց լեզվաբանական և մշակութային առանձնահատկություններով: Այն միտված է ոչ միայն բարձրացնել հանրության իրազեկությունը, այլև խթանել լսողության խանգարում ունեցող մարդկանց տեղեկացված լինելու իրավունքը:
Ժեստերի հայերեն լեզվով կրթական, մշակութային և տեղեկատվական տեսանյութերը կբարելավեն Հայաստանում լսողության խանգարումներ ունեցող ավելի քան 3,500 անձանց դասավանդման և ուսման արդյունավետությունը, ինչպես նաև նրանց ընտանիքների առօրյան, և կնպաստեն կրթության հավասար պայմանների ստեղծմանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը