Իլհամ Ալիևը` «Տարվա կաշառակեր» հայ պատվիրատուի ջանքերո՞վ. ադրբեջանցի պատգամավորի «բացահայտումը»
Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի կենտրոնի (OCCRP) կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «Տարվա մարդ» ճանաչելու առնչությամբ Ադրբեջանի հայրենասիրական կուսակցության (AVP) նախագահ, պատգմավոր Ֆազաիլ Աղամանլին հայտարարել է, որ նման մրցանակաբաշխությունը թշնամական և չարամիտ մոտեցում է:
Հիշեցնենք, որ մրցակը շնորհվել է տարբեր երկրների մի խումբ ԶԼՄ-երի և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից՝ անձին, ով 2012 թ-ի ընթացքում ներգրավված է եղել տարբեր հանցագործություններում և կոռուպցիոն իրադարձություններում:
Ինչպես գրում է «Ենի Մուսավաթ» թերթը, պատգամավորը կոչ է արել հետաքննություն անցկացնել, հասկանալու համար, թե «այդ կազմակերպության հետևում ինչ ուժեր են կանգնած»: «Ուշադրություն դարձրեք, որ այս ցուցակում Հայաստանը չկա»,-ակնարկել է Ֆազաիլ Աղամանլին:
Որոշ ժամանակ անց ադրբեջանցի պատգամավորները հրապարակել են «հետաքննության արդյունքները»: «Modern.az» կայքի փոխանցմամբ, հայտնաբերվել է պատվիրատուն: «Այս կազմակերպության ղեկավար անդամներից մեկը հանդիսանում է Հայաստանի հետաքննող լրագրողների միության անդամ Էդիկ Բաղդասարյանը»,- «Սալամնյուզ» ադրբեջանական լրատվական կայքին հայտնել է պատգամավոր Ֆուադ Մուրադովը:
Նշենք, որ այս անվանակարգում մրցանակակրին որոշել են «OCCRP»-ն կազմում գտնվող 60 միջազգային լրագրողներ և 15 ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Կազմակերպության նպատակն է տեղեկացնել ընթերցողին, թե ինչպես են գործում կազմակերպված հանցագործությունն ու կոռուպցիան:
Իր հերթին իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը մեղադրել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիին Էդիկ Բաղդասարյանի հետ կապեր ունենալու մեջ: «Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ալի Քերեմլին և իր խումբը պատրաստ են լինել շայթանի կողմից, միայն թե գան իշխանության»,- հայտարարել է պատգամավորը:
Ինչպես նշված է «OCCRP»-ի կայքում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընտրվել է «Տարվա մարդը» այն բանի համար, որ այս տարի նրա ընտանիքը հեռահաղորդակցության, օգտակար հանածոների, շինարարության և արդյունաբերության տարբեր ոլորտներում պետական գործարքների միջոցով մեծ աձնական շահույթ է ստացել: