«Ուղեղի ճանաչման շաբաթ» կրթական արշավ` Հայաստանում
Մարտի 11-17-ը Հայաստանում անցկացվել է «Ուղեղի ճանաչման շաբաթ» (Brain Awareness Week) կրթական արշավը, հայտնում են «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա»-ից:
«Ուղեղի ճանաչման շաբաթը» գլոբալ արշավ է, որի նպատակն է հասարակությանը մատչելի ձևով ներկայացնել ուղեղի հիվանդությունները, դրանց բուժման հարցում գիտության ձեռքբերումները և այլն: Արշավն իրականացվում է աշխարհի շուրջ 100 երկրներում: Այն համակարգվում է «Դանա» հիմնադրամի կողմից (http://www.dana.org/brainweek/Default.aspx):
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն՝ Նյարդաբանական միությունների եվրոպական ֆեդերացիայի աջակցությամբ, արշավի շրջանակներում Հայաստանի 10 դպրոցներում իրականացրել է Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների վերաբերյալ կրթական սեմինարներ և մրցույթներ, նաև փակցվել են տեղեկատվական պաստառներ:
Արշավին մասնակցել են Երևանի 185 միջն. և 196 միջն. դպրոցները, «Օհանյան» և «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրները, «Քվանտ» վարժարանը և մարզերից մի շարք դպրոցներ:
Ընդհանուր առմամբ, արշավին մասնակցել է շուրջ 200 աշակերտ: Կրթական սեմինարների ընթացքում երիտասարդ կենսաբանները մատչելի կերպով ներկայացրել են Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունները, դրանց ախտորոշման և բուժման եղանակները, ինչպես նաև գիտության վերջին նվաճումներն ուղեղի հետազոտման ոլորտում:
Զեկուցումներից հետո անցկացվել են մրցույթներ, որոնց արդյունքում աշակերտներն արժանացել են տարաբնույթ մրցանակների: Շաբաթվա վերջում յուրաքանչյուր դպրոցի աշակերտների ցուցադրած արդյունքների հիման վրա որոշվեց «Ուղեղի ճանաչման շաբաթը» 2013 կրթական արշավի լավագույն դպրոցը: Մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչվել է «Քվանտ» վարժարանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան