Հ. Հովհաննիսյան. Նախագահական ընտրությունները չբացահայտեցին քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը
«Եթե Երևանի քաղաքապետի ընտրությունները տեղի չունենային նախագահական ընտրություններից անմիջապես հետո, ապա կընկալվեին որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Բայց, քանի որ դրանք անմիջապես հետևում են նախագահական ընտրություններին, որոնց արդյունքները վիճարկվում են, ապա Երևանի քաղաքապետի ընտրությունները դառնում են քաղաքական իրենց բովանդակությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին, նշեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Բանախոսը կարծիք հայտնեց, որ նախագահական ընտրությունները չբացահայտեցին Հայաստանի քաղաքացիների գաղափարական ու քաղաքական նախասիրությունները և քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը, քանի որ սոցիալական մեծ բևեռացվածության պայմաններում ընտրություններին չմասնակցեցին ոչ միայն խորհրդարանական հիմնական քաղաքական ուժերը, այլև ձախակողմյան որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ:
«Նախագահական ընտրություններում չեղավ որևէ բանավեճ, թե ինչպես պետք է զարգանա երկիրը, ինչ ճանապարհներով»,- նշեց բանախոսը:
Իսկ հարցին, թե որքանո՞վ է հավանական Երևանի ավագանու ընտրություններից առաջ ընդդիմության կողմից միասնական շտաբի ձևավորման հնարավորությունը, քաղաքագետը պատասխանեց, որ նման միավորումը չի հաջողվի, եթե ընդդիմադիր ուժերը միավորվեն «ոչ իշխանական հեղհեղուկ պլատֆորմի վրա»:
«ԲՀԿ-ն հայտարարում է, որ ինքը պետք է լինի առանցքը ոչ իշխանական, այլընտրանքային դաշտի համար: Շատ տարօրինակ էր, որ ՀԱԿ-ն ու Դաշնակցությունը կարծես համաձայնվեցին այդ ձևակերպման հետ, որ ոչ իշխանական ուժերը պետք է միասնական շտաբ ձևավորեն: Բայց ի՞նչ է նշանակում ասել ոչ իշխանական ուժեր: Որևէ երկրում նման հասկացություն չկա. կա ընդդիմություն, կա իշխանություն: Եթե խնդիր է դրվում հետագայում ավագանու կազմում ձևավորել միասնական թիմ, ապա միավորումը պետք է լինի հստակ գաղափարական ու քաղաքական պլատֆորմի վրա»,- ընդգծեց Հ. Հովհաննիսյանը:
Անդրադառնալով արտերկրում բուժվելու նպատակով ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին 20.5 մլն դրամ հատկացնելու ՀՀ կառավարության որոշմանը՝ Հ. Հովհաննիսյանը նշեց. «Եթե մինչև հիմա մեր պետությունը փոխհատուցած լիներ այն վնասները, որոնք կրել են մարդիկ, եթե հոկտեմբերի 27-ից հետո տուժողներին բոլորին փոխհատուցում տրամադրվեր, եթե այդ սկզբունքն իրականացվեր այն զինվորների նկատմամբ, ովքեր հրամանատարության մեղքով են զոհվում, ոչ թե թշնամու գնդակից, փոխհատուցում հատկացվեր մարտիմեկյան ողբերգության զոհերի ընտանիքներին ու կերակրողներից զրկված երեխաներին, դա ընդունելի կլիներ: Արվե՞ց դա: Չարվեց: Եթե չարվեց, ուրեմն այս որոշումը կարող է հասարակության մոտ կասկած առաջացնել, որ Հայրիկյանը դրա դիմաց հրաժարվեց հետաձգել նախագահական ընտրությունների օրը, ինչը ձեռնտու չէր իշխանություններին»: