Շոտլանդիայում ապրիլի 24-ը կհիշեն որպես Հայոց ցեղասպանության հիշատակության օր
Շոտլանդիայի խորհրդարանը օրենքի ուժով ամրագրել է ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության հիշատակության օր: Օրինագիծը, որին կողմ են արտահայտվել 67 խորհրդարանականներ, հեղինակել է Շոտլանդիայի խորհրդարանի անդամ Մարկո Բիաջին (Marco Biagi):
Օրինագծում նշվում է. «Շոտլանդիայի խորհրդարանը արձանագրում է, որ Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրության կողմից 1915-ին հայ մտավորականների ձերբակալության տարելիցն է, ինչը բռնի ուժով խաղաղ բնակիչների տեղահանության, հազարավոր հայերի սպանությունների սկիզբը համարվեց: Շոտլանդիայի խորհրդարանը կարծում է, որ Հայաստանի հետ կատարված ողբերգությունը բոլոր ազգությունների ժողովուրդների համար պատճառ կլինի, որպեսզի նրանք կանգ առնեն ու հասկանան, որ կատարվածը ճանաճելով որպես ցեղասպանություն և հարգելով ցեղասպանության զոհերի հիշատակը կանխում են աշխարհի տարբեր հատվածներում դրա կրկնությունը»:
31-ամյա Մարկո Բիաջին Շոտլանդական Ազգային կուսակցության անդամ է, Շոտլանդիայի խորհրդարանի պատգամավոր: