«Երևանյան հեռանկարներ»-ը հերթական երաժշտական տոնն է մատուցելու երաժշտասեր հայ հասարակությանը
«Անհնար է մտաբերել որևէ այլ գործող լարային քառյակի անուն, որն արտաբերում է ավելի գեղեցիկ ձայն, քան «Շանհայ» քառյակը» («Նյու Յորք թայմս»):
Հոկտեմբերի 15-ին երաժշտասեր հայ հանդիսատեսը հնարավորություն ունի համաշխարհային երաժշտարվեստում առանձնահատուկ տեղ զբաղեցնող «Շանհայ» քառյակին լսել Արամ Խաչատրյան համերգասրահում: ««Երևանյան հեռանկարներ» 14-րդ երաժշտական միջազգային փառատոնը հանդիսատեսին մատուցում է հերթական երաժշտական տոնը, ընձեռում երաժշտական բարձր արվեստի հետ շփվելու հնարավորություն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:
«Շանհայ» քառյակը համարվում է աշխարհի առաջնային կամերային համույթներից մեկը` շնորհիվ իր կրքոտ երաժշտականության, վիրտուոզ տեխնիկայի և բազմամշակութային նորարարությունների: Նրա նրբագեղ ոճը միաձուլում է արևելյան երաժշտությունը արևմտյան երգացանկի հետ, ավանդական չինական ժողովրդական ստեղծագործությունները` արևմտյան գլուխգործոցների և ժամանակակից երաժշտության հետ։
«Մենք շատ ենք աշխատել քառյակին Հայաստան բերելու ուղղությամբ, որպեսզի քառյակի կողմից մատուցվող բարձր արվեստը հնչի նաև Արամ Խաչատրյան համերգասրահում»,- ասաց Ս. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ աշխարհում երկու քառյակ կա՝ «Տոկիո» լարային քառյակը և «Շանհայ» քառյակը, որոնց՝ Հայաստան բերելու համար ամեն ջանք գործադրել են:
Հիշեցնենք, որ «Տոկիո» լարային քառյակը փառատոնի շրջանակներում արդեն 2012-ին եղել է Հայաստանում:
Փառատոնի մենեջերի ներկայացմամբ, քառյակը բավականին դժվար ճանապարհ է անցնելու Երևանում համերգ տալու համար. Երևան է գալու Նյու-Յորքից, այնուհետև մեկնելու է Պեկին:
«Քառյակը հավասար վիրտուոզությամբ կատարում է թե արևմտյան, թե չինական, նաև ժամանակակից տեղծագործություններ: Ամեն կվարտետ չի կարող հպարտանալ, որ հենց իր ժամանակի առաջատար կոմպոզիտորները գրում են ստեղծագործություն հատուկ իր համար»,- ասաց Ս. Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Ք. Պենդերեցկին քառյակի համար հատուկ ստեղծագործություն է գրել, որի հիմքում հայկական մեղեդի է. «Պենդերեցկին այդ մեղեդին լսել է իր հորից: Խումբը հիանալի է կատարում այդ ստեղծագործությունը: Այն հնչելու է նաև այս համերգի ընթացքում»: Համերգի ընթացքում քառյակը կատարելու է նաև Հայդեն, Շուբերտ:
«Հազվագյուտ կատարելության և երաժշտական անհատականության մի չորրորդություն»,- արտասահմանյան պարբերականներից մեկն այսպես է նկարագրել «Շանհայ» քառյակին:
«Երևանյան հեռանկարներ» փառատոնն այս տարի մեկնարկել է Վիեննայի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հիշարժան համերգով, և շարունակաբար ներկայացրել այլ իրադարձային համերգներ, որոնց թվում էին Էստոնիայի պետական տղամարդկանց երգչախումբը, Հորտուս Մուզիկուս անսամբլը, ինչպես նաև Յուրի Բաշմետը և Մոսկվայի մենակատարներ կամերային նվագախմբի, Դմիտրի Պվորոստովսկու և Կոնստանտին Օրբելյանի ելույթները Երևանում:
Նշենք, որ փառատոնը 2008թ. անցկացվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնին աջակցում են նաև մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան