ՀՀ նախագահը ծանոթացել է Բերդ քաղաքում Սուրբ Գևորգ եկեղեցու կառուցման աշխատանքներին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելեց Բերդ քաղաքի Սուբ Գևորգ եկեղեցու շինհրապարակ և ծանոթացավ իրականացվող աշխատանքներին:
Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արամը լրագրողների հետ զրույցում նշեց, որ աստվածամերժության տարիներին քանդվել են բոլոր եկեղեցիները և հարյուր տարի շարունակ Բերդ քաղաքում աղոթքի վայր, Աստծո տուն գոյություն չի ունեցել:
«Երկու տարի է Վեհափառի օրհնությամբ սկսվել է Բերդի եկեղեցու շինարարությունը և նախատեսվում է այն ավարտել մինչև մայիսի վերջ, ինչից հետո Վեհափառը կորոշի եկեղեցու օծման օրը»,-նշեց Տեր Արամը:
Նրա խոսքով, տարածաշրջանում նկատվում է նաև տարբեր աղանդների ներթափանցումներ և իրենք փորձում են պայքարել թե՛ արտաքին, թե՛ ներքին թշնամիների դեմ, որոնք փորձում են կոտրել ժողովրդի, զինվորի մարտական ոգին: Տեր Արամը հավելեց, որ եկեղեցին այս պարագայում հոգևոր միջնաբերդի դեր է կատարում:
Սուրբ Գևորգ եկեղեցու շինարարությունը սկսվել է 2012 թվականի ապրիլին և ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է շուրջ 430 մլն դրամ: Նախատեսվում է շինաշխատանքները ավարտել 2014 թվականի առաջի կիսամյակի ավարտին: Ներկայումս ընթանում են ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքներ: