Թուրքիան ստիպված է լինելու ճանաչել Հայոց Ցեղասպանությունը. Հ. Հակոբյան
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի համոզմամբ` Թուրքիայի վարչապետ Էրդողանի վերջին հայտարարությունը փորձ է զոհի և դահիճի միջև հավասարության նշան դնել, ինչը պաշտոնյայի համար անընդունելի է:
«Հայոց Ցեղասպանությունը չճանաչել ու ժխտել նշանակում է, որ թուրք իշխանությունները այսօր էլ շարունակում են ոճրագործությունը, քանզի ակնհայտ Ցեղասպանությունը չճանաչելը ևս հանցագործություն է»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասաց Հ. Հակոբյանը:
Նախարարը շեշտեց նաև, որ չի կարող լինել այս կարևորագույն հարցում ոչ մի զիջում Հայաստանի կողմից, քանի որ մենք 1.5 մլն նահատակ ենք տվել և այդ մասին ընդգծել է նաև երկրի ղեկավարը:
Ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչմանը, ապա տիկին Հակոբյանը վստահություն հայտնեց, որ Թուրքիան ինչ էլ անի ի վերջո ճանաչելու է այդ փաստը. «Թուրքիան ստիպված է լինելու ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Իսկ մեր խնդիրը ոչ միայն մեր իրավունքների վերականգնումն է, այլև որպեսզի երբեք նման բան այլևս չկրկնվի»:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: