Համանախագահները և Սեյրան Օհանյանը քննարկել են ԼՂ հակամարտության կողմերի շփման գծում տիրող իրավիճակը
ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն նախօրեին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին և Ժակ Ֆորին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության կողմերի շփման գծում տիրող իրավիճակը, համանախագահների հետ նույն ձևաչափով փետրվարի 5-ի հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է շփման գծում տեղի ունեցած հիմնական պատահարները, ինչպես նաև լարվածության թուլացման և փոխվստահության հաստատման հեռանկարների մասին իր նկատառումները:
Կարևորելով Մինսկի խմբի համանախագահների հետ արդեն ավանդույթ դարձած հանդիպումները, Սեյրան Օհանյանն ավելացրել է, որ հակամարտության կարգավորման շուրջ ցանկացած քաղաքական որոշում պետք է ամրապնդված լինի ռազմական ոլորտի հիմնավորված մասնագիտական ու փորձագիտական եզրակացություններով:
Հանդիպման ընթացքում դեսպան Ժակ Ֆորը, որպես իրեն փոխարինող ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, ներկայացրել է Պիեռ Անդիոյին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան