Աբրահամ Ֆոքսմանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը
Ամերիկայում հրեական Հակազրպարտչական լիգայի (Anti-Defamation League) գործադիր տնօրեն Աբրահամ Ֆոքսմանը, ով յոթ տարի խուսափողական դիրքորոշում էր դրսևորում Հայոց ցեղասպանության նկատմամբ, հրապարակայնորեն խոստովանել է, որ հայ ժողովրդի հանդեպ Թուրքիայում կազմակերպված սպանդը ցեղասպանություն է եղել: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը:
Ելույթ ունենալով Սաֆֆոլկի համալսարանի իրավաբանական դպրոցի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության ժամանակ, հրեական կազմակերպության ղեկավարը հայտարարել է. «Եթե 1915թ.-ին, երբ իրականացվում էր Հայոց ցեղասպանությունը, գտնվեին խիզախ մարդիկ, եթե միջազգային միջամտություն լիներ, երբ զանգվածային սպանություններ էին իրագործվում Կամբոջայում, Բոսնիայում և Ռուանդայում, միլիոնավոր անմեղ մարդկանց կյանք կփրկվեր»:
Ֆոքսմանի հիշյալ հայտարարությունը հակադրվում է Հակազրպարտչական լիգայի 2007թ.-ին հնչեցված հայտարարությունին, որտեղ ասվում էր, որ թուրքական կառավարության գործողություններն ընդամենը «ցեղասպանության հավասարազոր հետևանքների» են բերել:
Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի Մասսաչուսեթսի բաժնի ղեկավար Հերման Պուրուտյանը նշել է, որ Ֆոքսմանի դիրքորոշումը դրական փոփոխություն է:
«Հուսով ենք, որ Ֆոքսմանի հայտարարությունը ոչ միայն նրա անձնական, այլ նաև` Հակազրպարտչական լիգայի պաշտոնական դիրքորոշումն է արտահայտում: Լիգան պետք է դա հաստատի իր պաշտոնական կայքում միանշանակ հայտարարությամբ հանդես գալով և ԱՄՆ Կոնգրեսին Հայոց ցեղասպանության ճանաչման ներկայացված բանաձևի նախագծի ընդունման նպատակով գործադրվող ջանքերին միանալու ճանապարհով», - նշել է Հերման Պուրուտյանը:
Հատկանշական է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկվել է նաև Իսրայելի Կնեսեթի հերթական նիստի ընթացքում: «Մերեց» կուսակցության` մինչև հաջորդ տարի` ցեղասպանության 100-ամյակը պատմական փաստը ճանաչելու առաջարկությունը հավանության է արժանացել: