Հ. Մանուկյան. Իշխանության որոշումները շատ ավելի լեգիտիմ են լինում, երբ կայացվում են հասարակության մասնակցությամբ
Մեկնարկում է 18 ամիս տևողությամբ և 949 հազար 670 եվրո բյուջեով «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագիրը, որն իրականացնում է Բրիտանական խորհուրդը: Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի՝ ԵՄ մերձեցման գործընթացը և նպաստել ժողովրդավարության ու արդյունավետ կառավարման ամրապնդմանը: Ծրագրի պաշտոնական մեկնարկն ազդարարող միջոցառման ժամանակ այսպես այն բնութագրեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
«Ինձ համար մեծ պատիվ է ողջունել Եվրամիության կողմից ֆինանսավորվող այս ծրագիրը: Եվրամիությունը հիմնականում աշխատում է քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ: Ռազմավարության նպատակներից է հզորացնել ժողովրդավարական կառույցները, ավելացնել օբյեկտիվ տեղեկատվության մատչելիությունը, ապահովել քաղաքական բազմակարծությունը»,- իր խոսքում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:
Նրա խոսքով, քաղաքացիական հասարակությունը և նրա դերակատարները գնալով ավելի մեծ դերակատարություն են ստանձնում, որպեսզի ավելի մեծացնեն լեգիտիմությունը, թափանցիկությունն ազգային որոշումներ կայացնելու, բարեփոխումների մինիտորինգի միջոցով:
«Ծրագիրն աջակցելու է ժողովրդավարական կառավարման համակարգի ներդրմանը, ներկայացմանը Հայաստանում: Ծրագիրը հիմնականում ուղղված է դեպի հանրային սեկտորը և նրանց ռեսուրսների ամրապնդումը: Բաղադրիչ կա, որ կապվում է լրատավամիջոցների, լրատվական դաշտի կարգավորման հետ»,- լրագրողների հետ զրույցում ներկայացնելով ծրագիրը՝ ասաց արադարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Ըստ նրա, ծրագիրն իր ամբողջ բաղադրիչներով էականորեն կարևորվում է, քանի որ բարձրացնում և ամրապդնում է հասարակության ներկայացումը մեր երկրում որոշումների կայացմանը:
«Իշխանության որոշումները, գործողություները շատ ավելի լեգիտիմ են լինում այն ժամանակ, երբ կայացվում են հասարակության մասնակցությամբ: Այդ առումով ևս կարևորում եմ այս ծրագիրը, որովհետև մենք փորձելու ենք այս ընթացում հանրությանն ավելի ինտենսիվ մասնակից դարձնել պետության ծրագրերի քննարկմանը, որոշումների կայացմանը»,- ասաց նախարար Հ. Մանուկյանը:
Ծրագրի բաղադրիչներն են՝ աջակցություն ՀԿ-ների համար իրավական և ֆինանսական շրջանակների ստեղծմանը, որոնք կբարձրացնեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ֆինանսական կայունությունը և կամրապնդեն սոցիալական ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նրանց հնարավորությունները:
Ծրագիրն ուղղված է քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացմանը քաղաքացիական հասարակության ձևավորման գործում նրանց առավել ակտիվ ներգրացման նպատակով: Ծրագիրը կաջակցի լրատվամիջոցների կարողությունների և նրանց արհեստավարժության բարձրացմանը: Ծրագիրը կպաստի նաև Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը