Բայդեմիր. Մեր հայ եղբայրները պետք է իրենց զգան Սուրբ Կիրակոս եկեղեցու տերերը
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Նյու Միլֆրորդ շրջանի հայությունը դրամահավաք է կազմակերպել Տիգրանակերտի (Դիարբեքիրի) Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքները շարունակելու համար: Այս մասին տեղեկացնում է «Armenian Weekly» պարբերականը:
Բարեգործական երեկոյին ներկա են եղել եկեղեցու վերանորոգման գործում կարևոր ներդրում ունեցած անձիք` Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախագահ Վարդգես Էրգյուն Այըքը և Դիրաբեքիրի նախկին նահանգապետ Օսման Բայդեմիրը: Եկեղեցու վերականգման գործում ունեցած իրենց ավանդի համար նրանց շնորհվել են` «Կյանքի նվաճում» և «Հայերի ընկերները» մրցանակաները:
Դիրաբեքիրի նախկին նահանգապետ Օսման Բայդեմիրը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` նշելով, որ այսօրվա սերունդները դեռ զգում են անցյալի ցավը:
«Չնայած բոլոր տառապանքներին` մենք պետք է առաջ շարժվենք և շտկենք իրավիճակը: Մեր հայ եղբայրները պետք է իրենց զգան այս եկեղեցու տերերը, քանզի հայերը Դիարբեքիրի մի մասնիկն են»,- նշել է վերջինս:
«Ծրագիրը ներողություն հայցելու կարևոր նշան է»,- նշել է Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախագահ Վարդգես Էրգյուն Այըքը՝ ընդգծելով, որ այս եկեղեցին ամենաշատ այցելվածներից է Թուրքիայում և մի շարք հասարակական միջոցառումներ է հյուրնկալում: