Գ. Սահակյան. ԵՄՏ-ին ՀՀ-ի միանալով՝ երկկողմ հարաբերությունների մակարդակը ավելի կբարձրանա
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հուլիսի 6-ին այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր: Հայ խորհրդարանականները շրջայց են կատարել 2013թ. սեպտեմբերին բացված եկեղեցական համալիրում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այնուհետև Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդարանում տեղի է ունեցել ԱԺ նախագահի հանդիպումը ՌԴ-ում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմի, ՌԴ-ում հավատարմագրված ՀՀ պետական կառույցների, ինչպես նաև հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Դիմելով ներկաներին` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնավորապես ասել է. «Շատ ուրախ եմ գտնվել այս հրաշալի հոգևոր կենտրոնում ու ձեր միջավայրում և ուզում եմ փոխանցել ջերմ ողջույններ Հայաստանից: Մենք հարգանքով ենք վերաբերվում ձեր գործունեությանը, որովհետև զգում ենք ձեր հոգևոր ու մարդկային կապը հայրենիքի հետ, որովհետև վստահ ենք, որ անկախ գտնվելու վայրից ձեզանից յուրաքանչյուրը հետաքրքրված է Հայաստանով, նրա հաջողություններով և խնդիրներով, ոչ միայն հետաքրքրված է, այլև պատրաստ է դառնալ այդ հաջողությունների անմիջական կերտողն ու խնդիրների լուծման անմիջական մասնակիցը: Որովհետև հայրենիքն ինքն էլ ուրախանում է իր աշխարհասփյուռ զավակների հաջողություններով և մտահոգվում նրանց խնդիրներով` միաժամանակ պատրաստ լինելով նպաստել դրանց կարգավորմանը»:
Նրա խոսքով, Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցին և եկեղեցական համալիրը` որպես նյութեղեն պատմություն, թեև մեկ տարեկան էլ չկան, բայց իրենց մեջ ամփոփում են մեր բազմադարյա հոգևոր պատմությունը, նաև վկայում են հինավուրց ու խոր արմատների մասին, որ հայերն ունեն բարեկամ երկրում:
«Համոզված եմ, որ Եվրասիական միացյալ տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալով՝ երկկողմ հարաբերությունների մակարդակը ավելի կբարձրանա, ավելի կխորանան ինտեգրացիոն գործընթացները: Նաև վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնություն իմ պաշտոնական այցը իր դրական դերը կունենա փոխշահավետ համագործակցության ընդլայնման առումով՝ մի անգամ ևս փաստելով երկու երկրների միջև առկա ռազմավարական գործընկերային հարաբերությունները»,-նշել է ԱԺ նախագահը:
Գալուստ Սահակյանի համոզմամբ` այդ հարաբերությունների առաջընթաց զարգացումը ամրապնդում է վստահությունը հետագա ավելի ընդգրկուն ծրագրերի իրականացման և հնարավորությունների նկատմամբ, և դրանում մեծ է նաև հայ համայնքի դերն ու ներդրումը:
«Պատահական չէ, որ դուք Ռուսաստանում համարվում եք ճանաչում և հեղինակություն ունեցող, հավատարիմ, խելացի և ստեղծարար, օրինապաշտ ու լիիրավ քաղաքացիներ: Համոզված եմ, որ ձեր ավանդապաշտությամբ ու օրինապաշտությամբ, երկու երկրների շահերի խոր գիտակցումով, այս հրաշալի հոգևոր տան բարձր հովանու ներքո այսուհետ ևս կշարունակեք մասնակցել Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական հարաբերությունների պատմության նորովի կերտմանը: Հայրենիքի շենացումը մեր ընդհանուր գործն է, որում բոլորիս ջանքերն ու էներգիան մշտապես պահանջված են: Այդ ամենի համատեղումը կարևոր գործոն է Հայաստանի փայլուն ապագայի ապահովման համար: Համոզված եմ, որ Հայաստանի ճակատագրի հանդեպ ընդհանուր պատասխանատվության գիտակցումը մեզ կօգնի ավելի բացահայտել մեր միասնական հայրենիքի ներուժը և կառուցել ավելի ապահով ու ավելի բարեկեցիկ Հայաստան, ավելի ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռանկյունին: Մենք կարո՛ղ ենք և պարտավո՛ր ենք կերտել այդպիսի Հայաստան, մենք պարտավո՛ր ենք և կարո՛ղ ենք ամուր պահել այդ եռանկյունին՝ անկախ մեր գտնվելու վայրից»,-նշել է Գալուստ Սահակյանը:
ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, բարձր գնահատելով ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստան, նշել են, որ այն ոչ միայն նոր լիցք կհաղորդի միջխորհրդարանական կապերին, այլև ավելի կամրապնդի և կխորացնի միջպետական հարաբերությունները:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը