Գ. Դանիելյան. Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերջնական նախագծում կանգ ենք առել խորհրդարանական ձևի վրա
«Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերջնական նախագծում այլընտրանք չկա, կանգ ենք առել խորհրդարանական ձևի վրա: Ժողովրդավարական երկրներում միտում կա հաստատել խորհրդարանական կառավարման համակարգ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի խորհրդական, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:
Ըստ նրա, հայեցակարգի հանրային քննարկումների ընթացքում ակնհայտ էր, որ հիմնականում կողմնակից էին խորհրդարանական կառավարման ձևին, օրինակ Դաշնակցությունը, քաղաքական այլ ուժեր մատնանշում էին, որ ժամանակը չէ:
«Քիչ էին կիսանախագահական կառավարման ձևի կողմնակիցները»,- նշեց Գ. Դանիելյանը:
Սահմանադարական բարեփոխումների հայեցակարգի ամփոփված և թարգմանված տարբերակը ներակայացվել է «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետներին, սեպտեմբերի 19-20-ը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ նախատեսված է հանդիպում՝ քննարկելու նպատակով: Հոկտեմբերի 15-ին սահմանադրական բարեփոխումների նախագիծը ներկայացվելու է ՀՀ նախագահին:
Գ. Դանիելյանի խոսքով, նախագահին ներկայացնելուց հետո կլինեն քաղաքական քննարկումներ, որի ընթացքում պարզ կդառնան, թե որ կետերեն են ընդունվում, որոնք մերժվում քաղաքական ուժերի կողմից:
«Սահմանադրական բարեփոխումների արդյունքում մեր սահմանադրությունն արմատապես կփոխվի: Այս բարեփոխումները հնարավորություն կտան պարբերաբար զարգացնել սահմանադրականությունը: Այսօր նման գործընթաց չկա, չենք կարող մեկնաբանել Սահմանադրությունը, ընդունել օրգանական հիմնարար օրենքներ, որոնք ավելի ուժ կունենա, քան գործող օրենքները»,- ասաց Հանձնաժողովի անդամը՝ հավելելով, որ բարեփոխումներն ուղղված են նաև քաղաքական համակարգի կայունացմանն ու առողջացմանը:
Ըստ Գ. Դանիելյանի, բարեփոխումներն առաջարկում են նաև խոհրդարանական փոքրամասնություններին պատասխանատու դիրքեր ունենալ վերահսկողական ծառայություններում:
«Այս փուլում մենք գտնում ենք, որ անհրաժեշտ են նման վերադասավորումներ, քաղաքական համակարգում փոխզիջման տարբերակ կլինի»,- նշեց նա:
Գ. Դանիելյանը կրկին անդրադարձավ քաղաքական այն ուժերի դիտարկումներին, թե սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունն այս փուլում չկար: Ըստ նրա, նման դիտարկումներ անողները որևէ հիմնավորում չեն բերում, թե ինչու է վաղաժամ: Նա նշեց, որ բարեփոխումները հաջողության հասնելու դեպքում կնպաստեն նաև մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:
Գ. Դանիելյանն ընդգծեց, որ այս փոփոխությունները չեն նպաստելու իշխանության վերարտադրությանը. «Ես լինեի ընդդիմադիր ուժ, կասեի ես ընդունում եմ այս սահմանադրությունը, սա ինձ ձեռք է տալիս»: