Արդյո՞ք մեր պետական վիճակը հասել է նրան, որ կարող են սահմանադրական բարեփոխումներ առաջարկվել. Ր. Հովհաննիսյան
Քիչ առաջ մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության հրավիրած խորհրդաժողովը, որը նվիրված է Սահմանադրական բարեփոխումների քննարկմանը: Նշենք, որ խորհրդաժողովին ներկա են ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, այդ թվում և ՀՀԿ-ից, ԱԺ աշխատակազմի ղեկավարը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի խորհրդական, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը:
Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ իր խոսքի մեջ պետք չէ փնտրել անձնական վիրավորանք, քանի որ նա վիրավորանքը բացառում է, բայց մի բան փաստ է` մենք մինչ օրս չունենք ինքնիշխան Հայաստան, որտեղ հարգվում է Սահմանադրությունը և պետականությունը. «Ի՞նչ իրավիճակ ունենք: Ներկա դրությամբ այս փոփոխություններին դեմ են այն ուժերը, որոնք կողմ էին, օրինակ, 100 տոկոս համամասնական ընտրակարգին, իսկ իշխող կուսակցությունը, որը դեռ մեկ տարի առաջ դեմ էր` այսօր կողմ է դարձել: Սա ահազանգ է մեր ներկա իրավիճակի մասին»:
Նա հույս հայտնեց, որ այսօրվա խորհրդաժողովի ընթացքում հնարավոր կլինի հասկանալ դրա տրամաբանությունն ու իմաստը:
Սահմանադրությունը ոչ միայն բովանդակություն է, այլ ընթացակարգ ու ընթացակարգային արժեք, նշեց նա, ու հետաքրքրվեց` արդյո՞ք մեր պետական վիճակը հասել է նրան, որ կարող են նոր առաջարկներ լինել, որոնք կբերեն ավելի լավի, փոփոխությունների ու առաջընթացի. «Առանց պետական որակի, առանց սահմանադրական ընթացակարգի ինչպե՞ս հասնել ժողովրդի վստահությանը»:
Ր. Հովհաննիսյանը նշեց, որ անցած ընտրություններից հետո` անկախ նրանից դրանք համարում ենք կեղծված, տապալված, թե հրաշալի, նման փաստաթղթի քննարկումը պետք է կայանա միայն ֆորումի միջոցով: Ու առհասարակ կարևորեց նման հարցերը հանրաքվեի ինստիտուտի կիրառմամբ քննարկելը:
Իր ելույթի վերջում Ր. Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ ներկա պաշտոնյաները, որոնք ուղղակիորեն կապ ունեն սեղանին դրվելիք փաստաթղթի հետ, կտան մի շարք հարցերի պատասխաններ: