Ա.Վարդանյանը` լրատվամիջոցներին. Կատուն կմլավի, շունն էլ կհաչի (տեսանյութ)
«Քառյակի նիստում ի հայտ եկավ առանցքային խնդիր, որը վերաբերում է Սահմանադրական բարեփոխումներին, իսկ մյուս հարցերում համագործակցությունը շարունակելու ենք: Առավելագույնս պետք է կոռեկտ լինենք մեկս մյուսի նկատմամբ, դա պահպանվում է, սակայն տեսանելի է, որ որոշ ԶԼՄ-ներում հերթական փորձն արվեց կուսակցությանը պիտակավորելու, ցեխարձակումներ անելու»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` անդրադառնալով վերջին օրերի զարգացումներին:
Հիշեցնենք, քառյակի վերջին նիստում որոշում կայացվեց, որ ՀՅԴ-ն չի մասնակցելու համատեղ հանրահավաքին, որը կկայանա հոկտեմբերի 10-ին և պատճառը Սահմանադրական բարեփոխումներն են: Ու թեև բացատրությունը միայն դա է բերվել ու հավաստիացումներ են լսվում, որ համագործակցությունը ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի ձևաչափում շարունակվելու է, այդուհանդերձ շատերը քառյակը եռյակի վերածվելու կանխատեսումներ են անում:
Պատգամավորի խոսքով, Դաշնակցության համար այդ գործելաոճը նորություն չէ և իրենք գիտակցում էին, որ նման արձագանք ևս կլինի իրենց որոշման հետ կապված, բայց մեկ բան հստակ է` եթե իրենք տուրք տային նման արձագանքներին, ապա չէին լինի պատասխանատվություն ունեցող քաղաքական ուժ, որը կան:
«Շեքսպիրն ասում է` «կատուն կմլավի, շունն էլ կհաչի»,- նշեց Ա,Վարդանյանն ու ավելացրեց, որ որոշ լրատվամիջոցների փորձերն էլ Դաշնակցությանը հակադրություն մեջ դնել մյուսների հետ հաջողությամբ չեն պսակվի, քանի որ այդ հրապարակումները զուրկ են հիմքերից:
Բերեց նաև օրինակ. «Գրում են` մեր հավաստի աղբյուրների համաձայն, օրերս Դավիթ Լոքյանը նշանակվելու է գյուղատնտեսության նախարար: Նման բան չկա»: