Նալբանդյան. Ադրբեջանը փորձում է ղարաբաղյան խնդրի կարգավորման քննարկումները տեղափոխել այլ ձևաչափեր
Ադրբեջանը փորձում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման քննարկումները տեղափոխել այլ ձևաչափեր, որտեղ չկա խորը պատկերացում այդ հիմնախնդրի մասին: ՀՀ ԱԳՆ-ում կայացած արտգործնածարար Էդվարդ Նալբանդյանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հելեն Քլարկի համատեղ ասուլիսում ասաց Է. Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ՄԱԿ-ի գագաթաժողովում Ադրբեջանի արտգործնախարարն իր ելույթում շեշտեց միջազգային տարածաշրջանային կազմակերպոթյունների մասին և կարևորեց նրանց կողմից ընդունված բանաձևերը, փաստաթղթերը ղարաբաղյան հակամարտութան գործընթացում, իրականում այդ փաստաղթերը, բանաձևերը ի՞նչ կարևորություն ունեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում:
«ՄԱԿ-ի 69-րդ գագաթաժողովում Ադրբեջանի արտգործնախարարի ելույթը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը դեռ պատրաստ չէ հիմնախնդրի կարգավորմանը միջազգային հանրության կողմից եռանախագահների միջոցով ներկայացված միջազգային իրավական նորմերով ու սկզբունքներով, որոնք ներկայացված են եռանախագահող երկրների նախագահների կողմից ընդունված հինգ հայտարարություններում»,- ասաց նախարարը:
Է. Նալբանդյանը նշեց, որ ադրբեջացի նախարարի ներկայացրած կազմակերպությունների շարքում չկար ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը հենց զբաղվում է ղարաբաղյան կարգավորմամբ, ունի միջազգային հանրության անունից միջնորդության մանդատ:
«Այն կազմակերպությունները, որոնք հիշատակել է Ադրբեջանի արտգործնախարարը, ոչ միայն չունեն այդ մանդատը, այլ նաև չեն զբաղվում այդ հարցերով»,-ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարը: