Էրդողանը ԱՄՆ փոխնախագահից պահանջել է ներողություն խնդրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտրուկ է արձագանքել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին: Վերջինս, ըստ մամուլի հրապարակումների, ելույթ ունենալով Հարվարդի համալսարանում, ասել է, որ Թուրքիան նոր-նոր է արթնացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցում:
«Էրդողանն ինձ ասել է` դու իրավացի էիր»,- նշել է Բայդենը:
Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Բայդենին վերագրվող այդ արտահայտությունները խիստ զայրացրել են Էրդողանին: Նա Բայդենին հիշեցրել է, որ Թուրքիան միշտ էլ պայքարել է ահաբեկիչների դեմ, ձերբակալել կասկածյալներին, ապաստան տվել հազարավոր սիրիացի փախստականների:
«Եթե իսկապես Բայդենը այդ թեմայով նման արտահայտություններ է օգտագործել, ուրեմն Բայդենը ինձ համար պատմություն կդառնա: Եթե նման հայտարարություն է արել, ինձնից պետք է ներողություն խնդրի»,- ըստ «Դողան» լրատվական գործակալության` ասել է Էրդողանը: