ՀՀ արտգործնախարարն ընդունել է Ղազախստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալին
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ղազախստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ, «Ապագայի էներգիան» խորագրով ԷՔՍՊՈ-2017 Աստանայում կայանալիք միջազգային ցուցահանդեսի ազգային համակարգող Ռապիլ Ժոշիբաևին։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալը երախտագիտություն է հայտնել ՀՀ ԱԳ նախարարին՝ Հայաստանի կողմից ԷՔՍՊՈ-2017ցուցահանդեսը Աստանայում անցկացնելուն սատարելու համար։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ղազախական հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերին, փոխայցելությունների, միջխորհրդարանական շփումների ակտիվացման, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։ Երկուստեք վստահություն է հայտնվել, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նոր հնարավորություններ կընձեռի՝ երկկողմ համագործակցության ընդլայնման համար։