Գալուստ Սահակյանն արձագանքել է բազմաթիվ վիրահայերի խնդրանքներին
Վրաստան կատարած այցի ընթացքում նախօրեին՝ առավոտյան ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ծաղկեպսակ է դրել Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հրապարակում: Այնուհետև պատվիրակությունն ուղևորվել է Վրաստանի Նախագահի նստավայր: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային, քաղաքական և տնտեսական ոլորտներում միջպետական համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Վրաստանի Նախագահի հետ հանդիպման ընթացքում իր մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի վերաբերյալ, որը վտանգ է ներկայացնում բոլոր երկրների համար:
«Այն ահռելի գումարները, որոնք Ադրբեջանը և Թուրքիան ծախսում են հարձակողական զենք ձեռք բերելու համար, կարող են ուղղվել կայունություն հաստատելուն և վստահության մթնոլորտ ձևավորելուն` ներգրավելով տարածաշրջանի բոլոր երկրները»,-նշել է Գալուստ Սահակյանը:
Այնուհետև միջպետական համագործակցության ոլորտներին վերաբերող հարցերը քննարկվել են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Վարչապետի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ոլորտում վերջին տարիներին ձևավորվել են հստակ ուղղություններ: Դրանք ներառում են տրանսպորտի և էներգետիկայի, զբոսաշրջության և գյուղատնտեսության բնագավառները: Գալուստ Սահակյանը կարևորել է Վերին Լարսի սահմանային անցակետի անխափան գործունեությունը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, արձագանքելով բազմաթիվ վիրահայերի խնդրանքներին, դիմել է Վրաստանի վարչապետին. «Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել և աջակցությունը խնդրել՝ դյուրացնելու մշտական կացության իրավունքի տրամադրումը հայազգի վրաստանաբնակ այն քաղաքացիներին, որոնք, մեկնելով արտագնա աշխատանքի, ստացել են այլ երկրների քաղաքացիություն: Վրաստանում օրենսդրական փոփոխությունների հետևանքով նրանք հայտնվել են դժվար կացության մեջ` հնարավորություն չունենալով մշտապես բնակվել իրենց ընտանիքների հետ»:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում, փաստել է, որ ՀՀ ԱԺ պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան երկու երկրների բարեկամության և եղբայրության վկայությունն է:
Անդրադառնալով Վրաստանում վիզային ռեժիմին առնչվող օրենսդրական փոփոխություններին` Վրաստանի վարչապետը տեղեկացրել է. «Ասոցացման համաձայնագրի ստորագրման կապակցությամբ մենք ստացել ենք աշխատանքային պլան: Դրանով է պայմանավորված վիզային ռեժիմի նոր կարգավորումները, որոնցից ելնելով՝ հարկ եղավ օրենսդրությունը ենթարկել որոշակի փոփոխության: Պետությանն իրավունք է վերապահված որոշ երկրների կամ քաղաքացիների նկատմամբ արտոնություններ սահմանելու: Այդ հարցին անպայման լուծում կտրվի»:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, որից հետո Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի ուղեկցությամբ պատվիրակության անդամներն այցելել են Թբիլիսիի Կոմիտասի անվան պանթեոն և ծաղիկներ դրել հայ մեծերի շիրիմներին:
Նշենք, որ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հրանտ Գրիգորյանը, Արծվիկ Մինասյանը, Վարդան Այվազյանը, Տաճատ Վարդապետյանը, Նիկոլ Փաշինյանը և Թևան Պողոսյանը:
Նախորդող հրապարակում՝
Կկայանա Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական խմբերի համատեղ նիստը
Հայաստանի և Վրաստանի ԱԺ նախագահներն անդրադարձել են հայ-վրացական սահմանային անցակետերի վերաբերյալ բողոքներին
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով