Ռայներ Մորել. Հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի հույս կա
«Այն, ինչին մենք հասել ենք աշխարհամարտերից հետո, մեծ ջանքերի, աշխատանքի արդյունք է: Այսօր մենք միջոցառումներ ենք կազմակերպում՝ հիշելու ինչպես Առաջին աշխարհամարտի զոհերին, նաև ցույց տալու, որ հին թշնամությունը վերացնելու և հաղթահարելու հնարավորություն կա»,- «Եվրոպան առաջին աշխարհամարտից 100 տարի անց» խորագրով ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք չի մտահոգում Ձեզ Ձեր դաշնակից Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը:
«Այն ամենին, ինչին մենք հասանք, թեև որոշակի դիմադրության, ցույց տվեց, որ դա, այնուամենայնիվ, հնարավոր է, ցույց տվեց, որ այո, պետք է ներողություն խնդրել, հաշտեցման եզրեր գտնել»,- ասաց դեսպանը՝ հույս հայտնելով, որ Թուրքիան առաջիկա տարիներին կմտածի այդ հարցի շուրջ:
Ռայներ Մորելը նշեց, որ թուրք հասարակության մեջ որոշակի շարժումներ են նկատվում, այսինքն, ըստ նրա, առաջընթացի հույս կա:
Ասուլիսին ներկա Հայաստանում Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչն էլ հույս հայտնեց, որ Հայաստանի համար խորհրդանշական 2015 թվականին, նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, հայ-թուրքական հարաբերություններում խորհրդանշական քայլ առաջ կկատարվի:
«Մենք խրախուսում ենք, որ հայ-թուրքական հարաբերություններում հաշտեցում լինի: Եվրամիությունն ու Եվրամիության անդամ երկրները ուրախ են, որ 2009 թվականին ստորագրվեց հայ-թուրքական արձանագրությունները»,- ասաց դեսպանը:
Միաժամանակ նա նշեց, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի համար արժեքավոր գործընկեր է, ինչպես նաև իրենք տեսնում են այն ամբողջ աշխատանքը, որ Թուրքիան իրականացնում է Եվրամիությանն ավելի մոտ դառնալու համար: