Ոչ նպատակահարմար է ու սխալ շարունակել աղետի գոտում բնակարաններ կառուցելը. Քաղշիննախարար
«Արդեն տասը տարուց ավելի է, ինչ Գյումրիում ոչ մի վթարային շենք չի վերականգնվել, մինչդեռ այդպիսի շենքերը 88-ն են Գյումրիում, որ վթարված են կամ ունեն վնասվածություն: Գուցե կարելի է մտածել նաև այդ բնակիչներին փոխհատուցելու մասին»,- դիմելով ՀՀ քաղաքաշինության նախարարին հետաքրքրվեց գյումրեցի ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` հիշեցնելով նաև անօթևանների և վագոն-տնակներում ապրողների խնդիրները:
Նարեկ Սարգսյանը հայտարարեց, որ բարձրաձայնված բոլոր խնդիրները շատ հրատապ են, ցավոտ են և նշեց, որ կառավարության մոտեցումները դրանց առումով փոխվել են:
«Մենք գտնում ենք բացարձակ ոչ նպատակահարմար, եթե չասենք ընդհանրապես սխալ շարունակել աղետի գոտում բնակարաններ կառուցելը հատկացնելու համար: Մենք շատ-շատ ենք կառուցել և ոչ մի նպատակ չկա նորից կառուցելու»,- նշեց քաղաքաշինության նախարարը` պարզաբանելով, որ հիմա ժամանակն է զբաղվել այդ բնակարանների բաշխմամբ:
2015թ-ի վերջին Գյումրիում կավարտեն բնակարանների բաշխումը անօթևաններին, տեղեկացրեց նա, ինչից հետո մինչև 2016թ-ի վերջը կավարտեն Շիրակի և Լոռու մարզի գյուղական համայնքներում բնակարանաբաշխումը:
«Խոսքը 5.8 մլրդ դրամի մասին է: Մենք մշակել ենք միջոցառումների ծրագիր և առաջիկայում սկսելու ենք ներդրումային ծրագրերի հաստատման գործընթացը, որոնց արդյունքում էլ այս խնդիրները լուծվելու են: Կարող եմ ասել, որ այսօր մենք պատրաստ ենք այս բազմաչարչար, տասնամյակներ տևած խնդիրը լուծելու»,- հավաստիացրեց նախարար Սարգսյանը:
Ինչ վերաբերում է Գյումրիի վթարային շենքերին, ապա քաղշիննախարարը ասաց, որ տեղյակ է, որ ոչինչ արված չի այդ իմաստով և կիսում է պատգամավորի մոտեցումը, որ ժամանակն է լուծել նաև այդ խնդիրը: Բայց այս պահին ոչինչ ասել չի կարող, քանի որ դեկտեմբերին Գյումրիում անցկացվելու է մեծ խորհրդակցություն, որտեղ էլ կտրվի գնահատական վթարային շենքերի մասով: