6725 ծառ՝ Ծիծեռնակաբերդի անտառապուրակում
Ծիծեռնակաբերդի անտառապուրակի 10 հեկտար տարածքում տնկվել է 6725 ծառ: Այսօր Ծիծեռնակաբերդի անտառպուրակի աշնանային ծառատունկի և կանաչապատման աշխատանքներին մասնակցել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
ԲՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոհիշյալ հատվածը քարքարոտության պատճառով ոչ լիովին բարենպաստ է ծառերի աճի համար՝ ՀՀ բնապահպանության նախարարը հանձնարարել է տնկիների համար ընտրել առավել բարենպաստ հատվածներ և հետևողականորեն խնամքի աշխատանքներ տանել: Տարածքը ունեցել էր նաև ոռոգման ջրագծի վերանորոգման և երկարության ավելացման խնդիրներ, որոնք լուծվել են ծառատունկի ծրագրի շրջանակներում:
«Այսօր մենք կատարում ենք կարևոր աշխատանք: Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ծառատունկ ենք իրականացնում Ծիծեռնակաբերդի հարակից տարածքներում: Հուսով եմ, որ պատշաճ խնամքի և կպչողականության դեպքում ապրլի 24-ին այստեղ կունենանք կանաչապատ տարածքներ»,- ասել է Արամայիս Գրիգորյանը: