Ինֆորմացիայի խառնաշփոթը նորմալ երևույթ է ճգնաժամային իրավիճակում. Կարեն Վրթանեսյան
Ի տարբերություն օգոստոսյան դեպքերի, այս անգամ լուսաբանումն ավելի հավասարակշռված էր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով նոյեմբերի 12-ին ԼՂՀ խոցված ուղղաթիռի միջադեպից՝ ասաց Մեդիամաքս գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը:
«Պետք է գիտակցենք, թե մեր յուրաքանչյուր բառը ինչ ազդեցություն կարող է ունենալ հասարակության վրա: Ուղղաթիռի խոցման վերաբերյալ հայկական կողմի լուսաբանումը բավարար է, չնայած որ դեպքից մի քանի ժամ հետո շատերը օգտագործեցին կեղծ լուսապատկերներ, տարածեցին կեղծ տեղեկատվություն, բայց մեր փորձագետների ու օպերատիվ միջամտության շնորհիվ նորմալ իրավիճակի եկավ»,-նշեց Ալավերդյանը:
Քննարկմանը ներկա ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանն էլ անդրադառնալով ադրբեջանական կողմի լրատվամիջոցներին, նշեց. «Տպավորությունն այնպիսին էր, թե չէին կողմնորոշվում՝ ինչպես լուսաբանել: Ամեն օր փոխում էին իրենց ապատեղեկատվությունը»:
Ռազմինֆո կայքի համակարգող, քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանի գնահատմամբ, ինֆորմացիայի խառնաշփոթը նորմալ երևույթ է ճգնաժամային իրավիճակում, սակայն լրագրողի պարտականությունն է ամեն սենսացիոն լուր չդնել, այլ ստուգել:
«Լուրջ բացթողում է, որ որոշ լրատվամիջոցներ քլիքամոլությամբ տառապելով, անիմաստ սիրիական կամ չեչենական տեսանյութեր սկսեցին տարածել»,-ասաց Վրթանեսյանն՝ ավելացնելով, որ անիմաստ է հայկական լրատվամիջոցներով տարածել ուղղաթիռի խոցումը, դրա կարիքը չկա՝ ելնելով թեկուզ զոհերի ընտանիքների հանդեպ հարգանքից:
Վահրամ Միրաքյանը տեսակետ հատնեց, թե տպավորություն կա, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ամեն կերպ փորձում են արդարացնել հայկական ցեղասպանությունը. «Նրանց լրատվամիջոցները շարունակում են նույն կոչերը` անպաշտպան բնակչությանը ոչնչացնել: Նրանք իրենց ժողովրդին պատրաստում են խաղաղ բնակչության ոչնչացմանը, ոչ թե զինված պայքարի: Դրա վառ օրինակն է Սաֆարովի հերոսացումը»:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան