ԼՂՀ ԱԳ նախարար. Իշխանությունների կողմից անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում հետագայում սադրանքները բացառելու ուղղությամբ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նախօրեին հանդիպել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ՝ «Եվրոպական Ինտեգրացիա» և «Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված «Արցախի երիտասարդության ձայնը» ծրագրի մասնակիցների հետ։
Ողջույնի խոսքում Կարեն Միրզոյանը կարևորել է նման հանդիպումները՝ արտաքին քաղաքականության նկատմամբ երիտասարդության հետաքրքրության բարձրացման առումով։ Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները և դրանց իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Խոսելով ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի մասին, Կարեն Միրզոյանը նշել է, որ նրա ընդարձակումը՝ նախ և առաջ պետականաշինության գործընթացում Արցախի ժողովրդի և իշխանությունների կողմից արձանագրված հաջողությունների արդյունքն է։
Ներկաների խնդրանքով ԼՂՀ արտաքին գործերի նախարարը անդրադարձել է Ադրբեջանի կողմից ԼՂՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռի խոցմանը, նշելով, որ ԼՂՀ իշխանությունների կողմից անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում ուղղաթիռի անձնակազմի անդամների աճյունների դուրս բերման և հետագայում սադրանքները բացառելու ուղղությամբ։