Ֆրեզնոն շոշափելի դերակատարություն ունի հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման մեջ. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին այցելել է Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաք:
Նախագահը ծաղկեպսակներ է դրել քաղաքում կառուցվող 1915 թվականի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի հուշարձանին և հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ Սողոմոն Թեհլերյանի շիրիմին:
Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նույն օրը Նախագահն այցելել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսություն և հանդիպել պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի ու տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահն անդրադարձել է նաև ԼՂՀ արտաքին և ներքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին, ինչպես նաև պատասխանել ներկաների կողմից բարձրացված հարցերին:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ֆրեզնոյի հայ համայնքի ներդրումն Արցախին սատարելու գործում և հավելել, որ Ֆրեզնոն, լինելով կարևորագույն հայ գաղթօջախներից մեկը, շոշափելի դերակատարություն ունի Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման, հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման մեջ:
Նախագահ Բակո Սահակյանը նույն օրը Լոս Անջելեսում այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդարան և հանդիպել թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի, թեմական խորհրդի և հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի գործունեությունն Արցախին սատարելու, Սփյուռքում հայ ինքնության պահպանման և Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ` հավելելով, որ Հայ Առաքելական Եկեղեցին հայոց անկախ պետականության առանցքային հիմնասյուներից է և անգնահատելի ավանդ ունի նրա զարգացման ու զորացման գործում:
Նախագահ Սահակյանն անդրադարձել է նաև Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, պատասխանել ներկաներին հուզող հարցերին:
Նախագահին ուղեկցել են փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: