Գագիկ Գյուլբուդաղյանն ընտրվել է Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի կառավարման խորհրդի անդամ
Գրանթ Թորնթոն Հայաստանի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանն ընտրվել է Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի խորհրդի անդամ` երեք տարի ժամկետով: Այս մասին տեղեկացնում է Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլն աուդիտորական և խորհրդատվական անկախ ընկերություններ միավորող խոշորագույն կազմակերպություններից մեկն է: Գրանթ Թորնթոնը միավորում է ավելի քան 38,500 մասնագետ աշխարհի 130 երկրում, և իր գործունեությունն ուղղում հաճախորդների, գործընկերների և համայնքների կենսակերպի բարելավման նպատակին:
Կառավարման խորհուրդը համաշխարհային աուդիտորական կազմակերպության ղեկավարման գերագույն մարմինն է և կազմավորվում է աշխարհի տարբեր անդամ ընկերությունների կողմից: Հայաստանյան ընկերությունը Գրանթ Թորնթոն ցանցի անդամ է շուրջ 17 տարի, և մի քանի տարի շարունակ առաջատար դիրք է զբաղեցնում Հայաստանի աուդիտորական և խորհրդատվական շուկայում:
«Կառավարման խորհրդում ընտրվելն ինձ համար է մեծ պատիվ է: Հայաստանյան Գրանթ Թորնթոնը միշտ ակտիվ դերակատարում է ունեցել մեր ցանցում, ինչպես նաև կարևորագույն ներդրում ունեցել մեր մասնագիտության զարգացման գործում Հայաստանում և տարածաշրջանում: Առաջին անգամ է, որ մեր տարածաշրջանն իր ներկայացուցիչն է ունենալու Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի կառավարման խորհրդում: և այս փաստը խոսում է տարածաշրջանում Գրանթ Թորնթոն ընկերությունների աճի, ինչպես նաև Գրանթ Թորնթոն ցանցի զարգացման գործում մեր տարածաշրջանի ռազմավարական դերի մասին», - նշում է Գագիկ Գյուլբուդաղյանը: