ԱԳ փոխնախարարը դատապարտել է ահաբեկչական խմբավորումների բռնությունը ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ
Դեկտեմբերի 8-10-ին Թեհրանում տեղի է ունեցել «Աշխարհը բռնության և ծայրահեղության դեմ» խորագրով առաջին միջազգային գիտաժողովը, որը նվիրված է եղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմից նախաձեռնած և 2013թ. ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում ընդունված համանուն բանաձևի կիրարկմանն ու բռնության, անհանդուրժողականության և ծայրահեղության դեմ պայքարում միջազգային համագործակցության մթնոլորտի ստեղծմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Գիտաժողովին Հայաստանը ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ով, բազմաթիվ այլ բանախոսների թվում, խստորեն դատապարտել է Սիրիայի և Իրաքի տարածքում գործող «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական խմբավորումների բռնությունը ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ` շեշտելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը: Միաժամանակ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Իրանի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքն ազգային փոքրամասնությունների, այդ թվում` հայերի նկատմամբ:
Գիտաժողովի շրջանակներում դեկտեմբերի 10-ին Աշոտ Հովակիմյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչիի հետ, որի ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպություններում հայ-իրանական համագործակցությանն առնչվող հարցեր: