Է. Նալբանդյան. Եռանախագահները պետք է համապատասխան հետևություններ անեն
«Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը ռազմական ճանապարհով է լուծվելու, նաև վերջին շրջանում հակառակորդի կողմից իրավիճակի սրումը ևս մեկ անգամ հաստատում է, որ Ադրբեջանը չի հասկանում եռանախագահների լեզուն»,-ՀՀ ԱԳՆ-ում Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ ասուլիսում ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, թե ղարաբաղյան հիմնախնդիրը հնարավոր է լուծել ռազմական ճանապարհով:
«Միգուցե դա Բաքվի պատասխանն է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հայտարարությանը: Բազելում եռանախագահներն ընդգծեցին, որ հիմնախնդրի կարգավորմանը ռազմական լուծում չի կարող լինել և կոչ էին անում բացառապես խաղաղ ճանապարհով հասնել կարգավորման: Ադրբեջանի հայտարարությունները և շփման գծում սրացումները ևս մեկ անգամ հաստատում են, որ Բաքվում դիվանագիտական դելիկատ լեզուն չեն ընդունում»,- ասաց Է. Նալբանդյանը՝ ընդգծելով, որ եռանախագահները պետք է համապատասխան հետևություններ անեն: