Նոր հոսքաչափեր՝ Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգն ուժեղացնելու համար
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ՀՀ Բնապահպանության նախարարությանը (ԲՊՆ) տրամադրվել են նոր հոսքաչափեր, որոնց հանձման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել այսօր Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում գտնվող «ՄասիսՁուկ» ձկնաբուծական տնտեսությունում: Այս մասին հայտնում է ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը:
ԲՊՆ-ին և ՋՌԿԳ-ին տրամադրվող ԱՄՆ ՄԶԳ տեխնիկական աջակցության շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ի «Մաքուր էներգիա և ջուր» ծրագիրը ձեռք է բերվել վերջին սերնդի շարժական հոսքաչափեր, որոնց կիրառումը նպատակ ունի հզորացնելու Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի մեծածավալ օգտագործման հսկողության մեխանիզմները: Հոսքաչափերը կօգտագործվեն ՀՀ ԲՊՆ-ի և ՋՌԿԳ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից՝ ձկնաբուծական տնտեսությունների՝ տարածքի խոշորագույն ջրօգտագործողների կողմից ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման ծավալների մոնիթորինգի նպատակով:
2014թ.-ին ԱՄՆ ՄԶԳ/ՄԷՋԾ-ի կողմից կատարված Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ներկա իրավիճակի գնահատումը հանրությանը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության համար կենսական նշանակություն ունեցող Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների տագնապալի իրավիճակը՝ կապված դրանց կտրուկ նվազեցման հետ: Գնահատման համաձայն՝ հիմնական պատճառներից մեկը Արարատյան դաշտում վերջին տարիներին աճող բազմաթիվ ձկնաբուծական տնտեսությունների կողմից ստորերկրյա ջրային ռեսուրսներից չվերահսկվող ջրառն է:
Ուսումնասիրությունում ներկայացված առաջարկություններից են՝ ժամանակավորապես փակել կամ կոնսերվացնել ապօրինի կամ վնասված հորատանցքերը և իրականացնել բոլոր ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրառի ծավալների պարտադիր վերահսկում: Ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման պահանջների խստացումը, հետևողական վերահսկումը, ինչպես նաև ջրային ռեսուրսների պահպանմանն ուղղված նորարարական տեխնոլոգիաների ներդրումը կօգնեն մեղմացնել և, ի վերջո, կանխել Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների չկարգավորված օգտագործման վնասակար ազդեցությունները:
Միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ ՄԶԳ-ի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի պաշտոնակատար Սյուզան Ֆրիցը, ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը, Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (ՋՌԿԳ) պետ Վահան Դավթյանը և այլ պաշտոնյա անձինք:
«Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի նպատակները միտված են Հայաստանում ջրային և էներգետիկ ռեսուրսների կառավարման փորձի, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված միջոցառումների բարելավմանը: ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ ՄԷՋԾ-ն իրականացնում է մի շարք ջրի և էներգաարդյունավետության ծրագրեր տարբեր գյուղական համայնքներում, որոնց նպատակն է ներկայացնել և տարածել էներգետիկ և ջրային համակարգերի կառավարման լավագույն փորձը: Ծրագրերն իրականացվում են ջրամատակարարման, էներգաարդյունավետ լուսավորության, ջեռուցման և ջրատաքացման և արևային էներգիայի կիրառման ոլորտներում: