Բաքուն ևս մեկ անգամ ի ցույց է դնում իր արհամարհանքը միջնորդների առաջարկությունների հանդեպ. Նալբանդյան
«Ադրբեջանական կողմը հերթական անգամ ցույց տվեց, թե ինչպես է վերաբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական կոչերին՝ խստորեն հետևելու հրադադարի պահպանմանը և զերծ մնալու իրավիճակը սրող քայլերից»,-ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանելով Aravot.am կայքի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք իրավիճակի սրումը սահմանագծին: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի սադրանքների հետևանքով կրկին լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջան - Արցախ շփման գծում, որը հանգեցրել է մարդկային զոհերի։
Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան վերջին այցելության արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ նշել էին, որ նախագահները համաձայնել են քննարկել զինադադարի ամրապնդմանն ուղղված եռանախագահների առաջարկները։ Վերոհիշյալ սադրանքներով Բաքուն ևս մեկ անգամ ի ցույց է դնում իր արհամարհանքը միջնորդների առաջարկությունների հանդեպ»,-ասել է ԱԳ նախարարը։