Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի առողջական վիճակը խիստ վատթարացել է
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը երկար ժամանակ է, ինչ բացակայում է երկրից, իսկ իշխանությունները նրա գտնվելու վայրը գաղտնի են պահում: Այս մասին գրում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը` հղում անելով «Ազերբայջան սաաթը» հեռուստաալիքին:
Ինչպես գրում է թերթը, հեռուստաալիքը հայտնել է, թե իրեն հաջողվել է պարզել, որ Մեհտիևը ներկայումս բուժում է անցնում Գերմանիայի հիվանդանոցներից մեկում: Նա այնտեղ հաշվառման է վերցվել ուրիշի անվան ներքո, որպեսզի որպես պետական այր խուսափի անվան հանրայնացումից, ինչպես նաև առողջական վիճակի մասին տեղեկությունները մամուլ չներթափանցեն: Համաձայն աղբյուրի` նրա վիճակը շատ ծանր է:
Հեռուստաալիքին այդ մասին տեղեկացրած աղբյուրը հավաստիացրել է, թե Մեհտիևն այլևս չի վերադառնալու աշխատանքի. նրա առողջությունը չի ներում: Բացի այդ, ըստ աղբյուրի` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը հաճախակի է փոխում հիվանդանոցները` միգուցե չբացահայտվելու, միգուցե և առողջական խնդիրների լրջանալու պատճառով:
Թերթը հիշեցնում է, որ Բաքվի պաշտոնական շրջանակներին մոտ աղբյուրները շարունակում են պնդել, թե Մեհտիևն առողջացել է, վերադարձել Բաքու և մոտ ժամանակներս կանցնի իր աշխատանքին:
Ըստ ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության` Ադբեջանի նախագահի աշխատակազմի 76-ամյա ղեկավար Ռամիզ Մեհտիևն արդեն 3 ամիս է, ինչ հանրության առջև չի հայտնվում: Նա նաև ներկա չի եղել 1992 թվականի Աղդամյան դեպքերի տարելիցին նվիրված միջոցառումներին: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` Մեհտիևը ծանր հիվանդ է և մեծ դժվարությամբ է տեղաշարժվում, սակայն պաշտոնապես այս լուրերը չեն հաստատվել: Միևնույն ժամանակ, ըստ գործակալության, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի իրավասությունները որևէ այլ անձ չի ստանձնել:
Հիշեցնենք` ինչպես ավելի վաղ հաղորդում էր «Թուրանը», Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել` Ալի Հասանովին նշանակելով նախագահի` հասարակական-քաղաքական հարցերի գծով օգնական: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` Ալի Հասանովն աչք է դրել երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնին, որը շուտով լքելու է Ռամիզ Մեհտիևն իր առողջական խնդիրների պատճառով:
Նյութ թեմայի շուրջ`
«Թուրան». Ադբեջանի նախագահի աշխատակազմի 76-ամյա ղեկավարն արդեն 3 ամիս է, ինչ հանրության առջև չի հայտնվում
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան