Վլադիմիր Գրուսման. Իհարկե, հնարավոր չէ մոռանալ արյունալի այդ իրադարձությունները
Ռուսաստանի ազգագրության թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանն առաջին անգամ է այցելել Հայաստան: Նա եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, շատ տպավորված ու հուզված է դուրս եկել այնտեղից: Հուշահամալիրից առաջին անգամ տեսել է Արարատը:
Վ. Գրուսմանին թանգարանում նվիրել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանշան «Անմոռուկ»:
«Իհարկե, հնարավոր չէ մոռանալ արյունալի այդ իրադարձությունները, մարդկության դեմ իրագործված հանցագործությունը»,- Հայաստանի պատմության թանգարանում շրջայց կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հայաստանի պատմության թանգարանի ցուցադրությունը, ըստ նրա, շատ լավ է կազմակերպված, հետաքրքրական է. «Շատ թանգարաններում եմ եղել: Այստեղ ցուցադրությունը շատ լավ է կազմակերպված»:
Վլադիմիր Գրուսմանի խոսքով, Հայաստան կատարած այցի հիմնական նպատակներից է նաև ռուս հայտնի ազգագրագետ Ա. Ա. Միլլերի հավաքածուի հիման վրա ցուցահանդեսի կազմակերպումը: Նա տեղեկացրեց, որ ապրիլին ցուցադրությունը կազմակերպվելու է Սանկտ Պետերբուրգում, հունիսին՝ Մոսկվայում, իսկ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանում, հավանաբար հենց Հայաստանի պատմության թանգարանում:
Նա նաև հայտնեց, որ նախօրեին մշակույթի նախարարի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ներկայացնել նաև Առաջին աշխարհամարտի ժամանակ Ա. Միլլերի կողմից Վան-Վասպուրականի տարածքից հավաքված ոսկերչական իրերը՝ 400 ցուցանմուշ.«Կարևոր է ցույց տալ, թե ինչպիսի մշակույթ են ունեցել այդ մարդիկ»: