Է. Նալբանդյան. Թուրքիան եթե ուզում է օգնել հիմնախնդրի կարգավորմանը, ինչքան հնարավոր է պետք է հեռու մնա այդ գործընթացից
Ակնհայտ է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Թուրքիան մշտապես խնդիր է ստեղծել՝ մի կողմից աջակցելով Ադրբեջանի ապակառուցողական մոտեցմանը, մյուս կողմից փորձելով խցկվել, միջամտել միջազգային մանդատ ունեցող եռանախագահների ջանքերին: Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, թե Հայաստանը ոչինչ չի անում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:
«Եթե Թուրքիան իսկապես ցանկանում է օգնել հիմնախնդրի կարգավորմանը, ինչքան հնարավոր է պետք է հեռու մնա այդ գործընթացից»,- նշեց նախարարը:
Պատասխանելով հարցին, թե ԵԽԽՎ քաղաքական հարցերով հատուկ զեկուցողն այցելել է Ադրբեջանը՝ ղարաբաղյան հարցի շուրջ իր զեկույցը պատրաստելու նպատակով, ինչպե՞ս կմեկնաբանեք, Է. Նալբանդայանն ասաց, որ պետք է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնասել եռանախագահների ջանքերին ուղղված հիմնախնդրի խաղաղ կարգավորնմանը, զերծ մնալ նոր կառույց, ձևաչափ, աշխատանքային խումբ ստեղծելուց, որոնք կվնասեն եռանախագահների գործունեությանը:
«Պետք է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Վստահ եմ, որ եռանախագաները նույն մոտեցումն ունեն: Հատկապես դա վերաբերում է այնպիսի զեկուցողների, որոնց նկատմամբ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով անվերջ շնորհակալություն է հայտնում Ադրբեջանի դիրքորոշմանը շարունակական աջակցելու համար: Այստեղ հարց է ծագում կողմնակալ կամ անկողմնակալ մոտեցումների մասին: Պետք է շատ զգույշ լինել ու այս նուրբ գործընթացում վնաս չհասցնել: Եռանախագահները հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի հիմնախնդիրն ունենա բացառապես խաղաղ հանգուցալուծում»,- ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարը:
Պատասխանելով հարցին, թե Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանը բարդ հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների հետ և խորհուրդ է տվել, որպեսզի «մենք փոխենք մեր արտաքին քաղաքական ուղղությունը, հարաբերություններ հաստատենք հարևանների հետ», նախարարն ասաց. «Գիտեք, դա ինձ հիշեցնում է Լաֆոնտենի առակը: Մեկը հայելու մեջ է նայում և ասում. «Այ եթե ես մի փոքր անգամ նման լինեի նրան, ում որ տեսնում եմ այս հայելու մեջ, ապա կմահանայի թախծից»:Եթե խոսքը գնում է հարևանների, այն էլ՝ բոլոր հարևանների հետ ինչ-որ խնդիրներ ունենալու մասին, ապա դա առաջին հերթին թե՛ Թուրքիայից դուրս, թե՛ Թուրքիայում տպավորություն կստեղծի, որ հենց այդ երկրի մասին է խոսքը։ Հայտնի է «զրո հարևան առանց պրոբլեմի», դրա մասին խոսում են ոչ միայն Թուրքիայից դուրս, այլև՝ հենց Թուրքիայի ներսում, որն արդյունք է այդ երկրի, այսպես կոչված, «խորը ռազմավարական» արտաքին քաղաքականության։
Կարծում եմ, որ խորհուրդներ և դասեր տալու հավակնություն և մեծամտություն ունենալուց առաջ պետք է մտածել, որ միգուցե ինքդ ունես դրանց կարիքը»:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան