Ջավախքում պահանջատիրական երթեր են տեղի ունենում (լուսանկարներ)
Վրաստանի Նինոծմինդա քաղաքում քայլերթ է տեղի ունեցել՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախաձեռնողն է եղել Նինոծմինդայի Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնը: Մինչ երթը, կենտրոնում անցկացվել է դասախոսություն՝ Օսմանյան բռնատիրության վայրագությունների, Ցեղասպանության խորհրդանիշ՝ Անմոռուկի խորհուրդի և գաղափարի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք akhaltskha.net կայքից:
Երթի մասնակիցները ԵԿ-ից շարժվել են դեպի Նինոծմինդայի մունիցիպալիտետի վարչության շենք: Ճանապարհին պատահական անցորդներին ԵԿ-ի սաները բաժանել են ՝թռուցիկներ՝ «Եթե չլիներ Ցեղասպանությունը՝ կծնվեին միլիոնավոր մանուկներ», «Հիշում ենք ու պահանջում», «Ցեղասպանությունը խլեց իմ նմանների մանկությունը» և այլ կարգախոսերով ու անմոռուկներով:
Երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչների, սաների անունից դիմում-նամակներ են փոխանցվել Նինոծմինդայի մունիցիպալիտետից ընտրված Վրաստանի Խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հ. Մկոյանին, Նինոծմինդայի սակրեբուլոյի նախագահ Ս. Կյուրեղյանին և Նինոծմինդայի մունիցիպալիտետի վարչության նախագահ՝պարոն Գ. Ղարսլյանին:
Այնուհետև քայլերթի մասնակիցները շարժվել են Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցի: Երթի մասնակիցները քահանա Տեր Արմաշ Պողոսյանի հետ աղոթել և մոմեր են վառել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Նույն աղբյուրի համաձայն, մարտի 24-ին էլ Ախալքալաքի Երիտասրդական Կենտրոնի նախաձեռնությամբ է տեղի ունեցել Հայոց Ցեղասպանության 100- րդ տարելիցին նվիրված երթ: Եթի մասնակիցները շարժվել են Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքային խորհրդի շենք, որտեղ սակրեբուլոյի (շրջանային ժողով) նախագահ Համլետ Մովսիսյանին և Ախալքալաքի մունիցիպալիտետից ընտրված Վրաստանի Խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Սամվել Պետրոսյանին ԵԿ-ի կողմից փոխանցվել են հետևյալ բովանդակությամբ դիմում- նամակներ.
«Մենք՝ Ախալքալաքում գործող Կրթամշակութային Երիտասարդական Կենտրոնի ներկայացուցիչներս, մեր և մեր Կենտրոնի սաների անունից խնդրում ենք՝ Ձեր հնարավորությունների սահմաններում աջակցեք մունիցիպալիտետի սակրեբուլոյին, որ նրա առաջիկա լիագումար նիստն ընդունի ներքոթվարկյալ որոշումները․
1.Ապրիլի 24-ը ընդունել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի , ոգեկոչման և ոչ աշխատանքային օր։
2.Սակրեբուլոյի լիագումար նիստի օրակարգ մտցնել ` Հայոց Ցեղասպանության ճանաչման վիրահայության պահանջը և այն ընդունելուց հետո առաջարկ - պահանջն ուղարկել Վրաստանի խորհրդարան խնդրանքով, որ հայության դարավոր բարեկամ, նույն հավատքի պատկան երկիրը`Վրաստանը ևս ճանաչի Հայոց Մեծ Եղեռնի փաստը և դառնա այն երկրներից մեկը, որոնք համոզված են, որ ճանաչելով և դատապարտելով նշված իրողությունը՝ օժանդակում են ժողովուրդների նկատմամբ եղերագործությունների կիրառման դեմ պայքարի համամարդկային ուժերին»: