Այո՛, կմտնենք կոալիցիա և ավելի շուտ կիրականացնենք բարեփոխումները. Արմեն Ռուստամյան
«Հ. Յ Դաշնակցություն կուսակցության հրապարակած իշխանություններին ներկայացրած 7 կետանոց պահանջների իրականացման հարցում կա առաջընթաց և հավանաբար, դա է պատճառը, որ այդքան շատ են խոսում կոալիցիա մտնելու մասին»,-այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Իսկ ընդհանուր առմամբ, անդրադառնալով Դաշնակցություն և մյուս ուժեր հնարավոր միավորումներին, Ռուստամյանն ասաց, որ ՀՅԴ-ն գաղափարական հենքի հիման վրա ստեղծված կուսակցություն է, հետևաբար չի կարող այնպիսի միության մեջ մտնել, այնպիսի ուժերի հետ, որտեղ իր պահանջները չեն հարգվում: Իսկ որպես առաջընթաց Ռուստամյանը մատնանշեց հայ-թուրքական արձանագրությունները, խորհրդարանական համակարգին անցումը, միևնույն ժամանակ նշեց, որ ՀՅԴ-ին չի բավարարում իրականացվող քայլերը:
«Կան քաղաքական ուժեր, որ իրենց հայտարարում են ընդդիմություն, բայց ամեն ինչ անում են, որ ընդդիմության տեղերը չընդլայնվի: Թե՛ կոալիցիայում, թե՛ կոալիցիայից դուրս ՀՅԴ-ն իր սկզբունքների ջատագովն է»,- պնդեց պատգամավորը:
Լրագրողը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է մտնեն կոալիցիա 7 կետ-պահանջները կատարելու դեպքում, Ռուստամյանը պատասխանեց, որ այն ժամանակ արդեն կմտածեն տեղերի մասին:
«Յոթ կետերը, եթե կատարվեցին, բոլորս այն տեղում կլինենք, որտեղ պետք է լինենք, ընդդիմություն-իշխանություն միասնական համակարգ կձավորվի: Բայց ինչի՞ չմտնենք, այո՛, կմտնենք կոալիցիա և ավելի շուտ կիրականացնենք այդ բարեփոխումները»,- հավելեց պատգամավորը։