Թևան Պողոսյանը համաձայն չէ. Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը «հաճախորդներ չեն»
Սահմանադրական բարեփոխումների շուրջ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման որևէ մեկը չի գնացել լեգիտիմություն ապահովելու կամ չապահովելու համար: Այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախագահական գնալով քաղաքական գործիչները չեն լեգիտիմացրել Սերժ Սարգսյանի նախագահությունը:
«Պատկերացնենք տեռորիստները գրավել են ինքնաթիռը, այնտեղ կա բնակչություն և պետք է բանակցել: Տեռորիստները երբևէ լեգիտիմ չեն, չե՞ք ուզում բանակցել: Այս պարագայում պետք է գիտակցել, որ խնդիրը գնում է երկրի ապագայի մասին»,- հայտարարեց ընդդիմադիր խմբակցության պատգամավորը և հավելեց. «Երբևէ չեմ համաձայնվի այն պիտակավորման հետ, թե Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը հաճախորդներ են և այլն: Այն որոշումը, որը կայացրել է կուսակցությունը, անձնապես համարում եմ, որ որոշում էր, որը պետք է հարգել: Վստահ եմ, որ եթե մի բան ուզում ենք փոխել, պետք է ներկայացնել մեր տեսակետները: «Ժառանգությունը» վաղուց ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալիր տեսակետը: Եթե դրանք կընդունվեն, միգուցե կարելի է քննարկումները շարունակել, եթե ոչ՝ կլինի համապատասխան որոշում»:
Նրա խոսքով, պետք է հասնել նրան, որ Սահմանադրական բարեփոխումներն ընկալելի լինեն յուրաքանչյուր բնակչի համար, հակառակ դեպքում դա «իմիտացիոն գործընթաց» կհամարվի:
««Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ասել է, որ որևէ իմիտացիոն գործընթացի մեջ իմաստ չկա մասնակցելու»,-հավելեց պատգամավորը:
Լրագրողի հարցին, թե պատգամավորը չի՞ կարծում արդյոք, որ Սահմանադրական բարեփոխումներով Սերժ Սարգսյանը ցանկանում է վերարտադրվել, Պողոսյանն ի պատասխան ասաց, որ ինքն այդպես չի կարծում: Միևնույն ժամանակ նկատեց, որ չկա մի կուսակցություն, որը չուզենա գալ իշխանության:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր